«Area-51»-ի վրա հարձակման կազմակերպիչը հայտարարել է կայանալիք «երաժշտական փառատոնի» մասին

«Area-51»-ի վրա հարձակման կազմակերպիչը հայտարարել է կայանալիք «երաժշտական փառատոնի» մասին

Facebook-ն արգելափակել է «Storm Area 51» միջոցառումը, որին մասնակցելու և խորհրդավոր ամերիկյան բազա ներթափանցելու ցանկություն էին հայտնել ավելի քան երկու միլիոն մարդ: Բայց միջոցառման կազմակերպիչ Մեթի Ռոբերթսը չի հուսահատվում. նա արդեն հայտարարել է Alienstock երաժշտական եռօրյա փառատոնի բացումը մոտակա Ռեյչել քաղաքում (Նևադա նահանգ), գրում է The Washington Post-ը: Փառատոնը պետք է սկսի սեպտեմբերի 20-ին: Ինչպես նշված է կայքում, այնտեղ կլինեն «անսպասելի ներկայացումներ, գեղարվեստական տարածական կոմպոզիցիաներ, վրանային ճամբար և երեկույթներ անապատում»: Սպասվում է 5000-30.000 մարդ: Կհաջողվի արդյոք կազմակերպիչներին ընդամենը մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ ֆինանսավորում գտնել, դեռ հայտնի չէ: Ռեյչելը շատ փոքր քաղաք է՝ մոտ 50 մարդ բնակչությամբ, որտեղ լայնամասշտաբ միջոցառումների որևէ ենթակառուցվածք չկա: Քաղաքի կայքում արդեն ոչ այնքան հյուրընկալ հայտարարություն է հայտնվել. «Ռեյչելում ծառայություններ չկան: Բենզալցակայաններ և խանութներ չկան: Հյուրանոցում տեղեր չկան»: Հյուրերին զգուշացվում է նաև անապատում ջերմաստիճանի ուժեղ տատանումների մասին: