Ինչու 7 կուսակցություններին չմիացավ ՀՀԿ-ն և որքանով այդ հայտարարությունը կապ ունի Քոչարյանի հետ

ՀՀ յոթ քաղաքական ուժեր՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», ՀՅԴ, «Մեկ Հայաստան», Հայաստանի դեմոկրատական և Ռամկավար Ազատական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված է. «Ներկայիս քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը... Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Նարինե Դիլբարյանի խոսքով՝ «Ժառանգությանը» նունպես առաջարկ է արվել միանալ հայտարարությանը, սակայն քանի որ «Ժառանգության» առաջարկը մերժվել է, չի միացել: «Ցավ ի սիրտ հայտարարությունը չունեցավ այն ուղղությունը, որն անհրաժեշտ էր»,- նշեց Ն. Դիլբարյանը: Պահպանողական կուսակցությանը և Կառուցողական կուսակցությանը հայտարարությանը միանալու առաջարկ չի արվել: Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ վերջին երկու ամսվա ընթացքում դատական համակարգի շուրջ ստեղծված իրադարձությունները հնարավորություն են տվել քաղաքական ինչ-որ հարթակում միավորվելու և իշխանությանը մատ թափ տալու: Արդյո՞ք այս ուժերը քաղաքական դաշտում օրակարգ թելադրելու հնարավորություն ունեն, թե՞ հակառակը՝ հնարավորության բացակայությունն է, որ մղում է նման տեքստերի, քանի որ տեքստը և այն, թե ով է ասում, բավականին խնդրահարույց են: Անդրադառնալով այս հարցին՝ Միքայել Հայրապետյանն ընդգծեց. «Մի կողմ թողնեմ, թե ով է ասում, խոսքի իրավունք բոլորն ունեն՝ այդ թվում նաև Դաշնակցությունը, որն իր թիկունքին բավականին անտանելի ծանր պատմական բեռ ունի, ավելի կարևոր է այն, թե ինչու են ասում, և հետո նոր, թե ինչ են ասում: Տեսանք, որ «լեռը երկնեց և մուկ ծնեց», այսինքն՝ անարդյունավետ բան տեղի ունեցավ: Նրանք ասելիք չունեն, քանի որ հենց իրենք են թաթախված այդ ամենի մեջ»: Հնարավո՞ր է, որ այս ուժերը միավորվեն Ռ. Քոչարյանի շուրջ. ի պատասխան այս հարցի՝ Ն. Դիլբարյանը նշեց, որ իր կարծիքով՝  այնքան էլ հավանական չէ այս ուժերի միավորվելը հանուն Քոչարյանի. «Ամեն ուժ իր համար է ստեղծում, այլ հարց է, որ հարկ եղած դեպքում կարող են օգտագործել Ռ. Քոչարյանի խաղաքարտը: Իմ կարծիքով՝ Քոչարյանի վերադարձը անիրատեսական, անհնար երևույթ է: Նրան կարող են փորձել «վերակենդանացնել», բայց ոչ թե նրան վերադարձնելու, այլ սեփական քայլերը և գոյությունն արդարացնելու համար»: Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ նույնպես շատ քիչ է Ռ. Քոչարյանի վերադարձի հավանականությունը. «Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա քաղաքականության մեջ լինելու իրավունք չունի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քաղաքականության մեջ լինելու ոչ միայն որպես ընտրող, այլ նաև որպես քաղաքական գործոն»: «…Սովոր ենք հարցը շեղել՝ բուն խնդիրը մոռանալով: Այսօր բուն խդիրը ո՞րն է. թե Դաշնակցությունն ինչ է ասել կամ ՀՀԿ-ն ինչու չի միացել հայտարարությա՞նը: Անարժեք բան է ստորագրվել՝ ժամանակից հետ ընկած, օրակարգ ձևավորելու անկարող: Հանրապետականներն ինչու չեն միացե՞լ. Հանրապետականները զբաղված են, ամառ է, հանգստանում են…»:   Մանրամասն՝ տեսանյութում: