ԵՄ-ի կողմից կա դրական վերաբերմունք, բայց ՀՀ իշխանությունները պետք է որոշ գծեր չհատեն

ԵՄ-ի կողմից կա դրական վերաբերմունք, բայց ՀՀ իշխանությունները պետք է որոշ գծեր չհատեն

2019 թվականին Եվրամիության աջակցությունը Հայաստանին կրկնակի կավելանա՝ կազմելով 70 միլիոն դոլար: Նախորդ տարիներին ԵՄ Հայաստանի տրված աջակցության միջին ծավալը կազմել է 35 միլիոն դոլար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը նաև հայտնել է, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացին: Դեսպանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբերակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսական աջակցության տարբերակը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որևէ մոդել: ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ սա Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն է և ցույց է տալիս, որ Բրյուսելն աջակցում է Երևանին բարեփոխումներ իրականացնելու հարցում։ «Եթե այս հարցում իրենք տեսնեին իշխանությունների կողմից իմիտացիա՝ ապա, միանշանակ, երկու անգամ չէին ավելացնի ֆինանսական օժանդակության ծավալները։ Նախկինում էլ Եվրամիությունը բաց տեքստով հայտարարել է՝ ինչքան շատ լինեն բարեփոխումները, այնքան ավելի շատ աջակցություն կլինի Եվրամիության կողմից, և այս առումով Եվրամիությունն ընտրել է ավելին ավելիի դիմաց սկզբունքը, այսինքն՝ ինչքան ավելի շատ բարեփոխումներ լինեն, այնքան ավելի շատ աջակցություն Բրյուսելի կողմից։ Եթե մենք տեսնենք, որ այդ աջակցությունը մեծանում է՝ նշանակում է, որ ԵՄ-ում գոհ են Երևանի կողմից իրականացվող բարեփոխումներից, այլապես չէին մեծացնի ֆինանսական օժանդակության ծավալները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Վարդանյանի դիտարկմամբ՝ այս աջակցությունը վերաբերում է կոնկրետ բարեփոխումներին, ԵՄ-ն ոչ թե կառավարությանն է գումար տալիս, այլ հենց բարեփոխումներին. «Բազմիցս մեսիջներ ենք ստացել, որ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները տպավորիչ են ու եթե այդպես շարունակեն, ապա օգնության ծավալներն ավելի կմեծանան։ Կա ստանդարտ օգնություն ԱլԳ անդամ երկրներին, բայց կա նաև ֆինանսական աջակցություն բարեփոխումների համար։ Եվրամիության կողմից մեսիջներ են հասնում, որ իրենք գոհ են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից, ու հենց դրանով էլ պայմանավորված են ֆինանսական աջակցության ծավալները»։ Կարո՞ղ ենք սրանով արձանագրել, որ իշխանությունների նախաձեռնած այն փոփոխությունները, որոնք նախկին համակարգի կողմից դիմադրության են արժանանում՝ միջազգային հանրության կողմից ընդունելի են, ու այս առումով մենք խնդիրներ չենք ունենա, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մի շարք հարցերի շուրջ, միանշանակ, կոնսենսուս կա Եվրամիության քաղաքական ղեկավարության և այլ կառույցների կողմից՝ խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգում իրականացվող բարեփոխումներին։ Իսկ, օրինակ, վեթինգի մասով կա տարակարծություն։ Պարզ է դարձել, որ Վենետիկի հանձնաժողովում դրան այդքան էլ համաձայն չեն։ Կան մեխանիզմներ, որոնք միանշանակ ողջունում են և կան նաև կոնկրետ նախագծեր, որոնք այդքան էլ չեն ողջունում։ Բրյուսելը բազմիցս հայտարարել է, որ այդ բոլոր բարեփոխումները պետք է լինեն Սահմանադրության շրջանակներում։ Մեր իշխանությունն էլ պետք է որոշ գծեր չհատի, այդ մասին հայտարարել են թե՛ ԵԽԽՎ-ից, թե՛ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից, թե՛ այլ կառույցներից։ Իշխանությունները պետք է հասկանան, որ այո՛, բարեփոխումներ պետք է անեն, բայց այդ բարեփոխումները չպետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության խախտմամբ»։ Այս իմաստով, ըստ մեր զրուցակցի, խնդրահարույց են իշխանության որոշ ներկայացուցիչների գնահատականներ՝ առ այն, որ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական չտա, պետք է Սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ «Ես կարծում եմ, որ իշխանության պատգամավորները պետք է զուսպ լինեն ու զերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող է ճնշում դիտարկվեն Սահմանադրական դատարանի վրա։ Ցավում եմ, որ իշխանության պատգամավորները բաց տեքստով կոչեր են անում Սահմանադրական դատարանի ղեկավարին, որ նա հրաժարական տա։ Սա անընդունելի է, իշխանական պատգամավորները պետք է հասկանան, որ դա կարող է ճնշում դիտարկվել, ու հնարավոր է՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի կոշտ գնահատականին արժանանա։ Իսկ ընդհանրապես՝ օրենքները հետադարձ ուժ չունեն, չի կարող նոր Սահմանադրություն ընդունվել ու նախագահի կարգավիճակի հարցը լուծվել, դա կարող է ապագայի հետ կապված խնդիր լուծել և ոչ ներկայի։ Սահմանադրական բարեփոխումներ մեզ պետք են, բայց դա չի բերելու այդ թնջուկի հանգուցալուծմանը»,- եզրափակեց նա։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի