Ռոբերտ Քոչարյանի՞ հրաշալի «յոթնյակը»

Ռոբերտ Քոչարյանի՞ հրաշալի «յոթնյակը»

Նախօրեին Հայաստանի յոթ կուսակցություններ արել էին հայտարարություն, կապված դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված վիճակի հետ, իշխանությանը մեղադրելով դատական իշխանությունը յուրացնելու փորձի համար և հայտարարելով, որ շարունակելու դեպքում պատրաստ են պայքարել դրա դեմ: Այն, որ իշխանությունը մեծ հավանականությամբ շարունակելու է մայիսի 20-ից հայտարարած գործընթացը, որում, մեր գնահատմամբ, դատական համակարգը միակ ուղղությունը չէ, սակայն, անշուշտ, կարևոր ներգրավվածություն ունի, հաստատեց վարչապետ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում: Ինչպե՞ս է շարունակելու, սա, իհարկե, դեռևս բաց հարց է: Բայց ինչպես էլ շարունակվի, հստակ է, որ շարունակությունը առնվազն չի հակասելու մինչ այժմ եղած ընթացքին: Հետևաբար հարց է, թե ինչպես են դրա դեմ պայքարելու հայտարարությամբ հայտնի յոթ կուսակցությունները: Սակայն դա չէ կարևոր հարցը: Յոթի հայտարարության մեջ կարևորն այլ բան է, որը դուրս է նրանցից, կամ վեր: Այդ յոթ կուսակցությունները ինքնին Հայաստանի քաղաքական ներկապնակում այսօր չեն որոշում ոչինչ, բացառությամբ, թերևս, ՀՅԴ-ի: Միաժամանակ, ՀՅԴ-ն էլ ավելի շուտ դերակատարում ունի իր համահայկական ընդգրկման և ցանցային ներուժի, քան Հայաստանում քաղաքական կարողունակության տեսանկյունից: Դրա վկայությունն էր խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Յոթի հայտարարությունը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարության, որ արել էր Ռոյթերզի հետ ամիսներ առաջ ունեցած հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը, որ դեռևս ազատ չէր արձակվել, բայց, փաստորեն, պատրաստվում էր, կալանատնից տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում կձևավորվի հզոր միավորում, որն ի վիճակի կլինի մարտահրավեր նետել նոր իշխանությանը, և ինքն էլ կմիանա այդ միավորմանը: Յոթի հայտարարությունը, կամ յոթը՝ ինքնին, թերևս չունի էլ հանրային ուշադրության արժանանալու կարևորություն, բայց այլ է իրավիճակը, եթե այն դիտարկենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ներքո: Ըստ այդմ, հայտարարությունն ուշադրության տակ պետք է պահել այս համատեքստում՝ հետևելու համար, թե արդյոք յոթ ուժերի հայտարարությունը ժամանակի ընթացքում կարո՞ղ է վերածվել ձևաչափի: Որովհետև պայքարի մասին հայտարարությունը, համենայնդեպս, տալիս է այդօրինակ ենթադրության հիմք: Եվ ինչպիսի՞ն է լինելու այդ ձևաչափի վերաբերմունքը երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ, և ինչպես է Քոչարյանը վերաբերելու յոթի այդ ձևաչափին: Համենայնդեպս, հատկանշական է մի հանգամանք, որ դատական համակարգի ներկայիս գործընթացի առումով հայտարարությունը «զբաղեցնում» է դաշտը, փաստորեն դրանում գտնվող մյուս ուժերին ստիպելով դիրքավորվել կամ իշխանության, կամ իրենց կողքին: