Հանցագործությունների թիվն աճել է․ ինչի հաշվին է աճել և կանխարգելիչ ինչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը

«Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ հավելելով, որ ակնհայտ է քաղաքացիների վսատահության աճ: Ա. Ղուկասյանի հավաստմամբ՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով քաղաքացիները ոստիկանությանը դիմել են 109 087 դեպքով. «Սա աննախադեպ է: Սրանք այն դեպքերն են, որոնցով Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր»: «Նախկինում կատարված հանցագործությունների մոտավորապես 3500 դեպք է հաշվառվել այս տարի: Հանցագործությունների մի մասի վերաբերյալ նախկինում ոստիկանությանը չեն հայտնել կամ ոստիկանությունն ինչ-ինչ պատճառներով չի գրանցել: Իհարկե, նախկինում էլ պայքար է տարվել հանցագործությունները թաքցնելու արատավոր երևույթի դեմ, բայց դա միայն վարչահրամայական մեթոդներով է կիրառվել, ներկայումս նաև ինստիտուցիոնալ փոփոխություններ են կատարվել: Բացահայտման տոկոս հասկացությունը վերացվել է, և դա հնարավորություն է տվել այլևս չվախենալ, թե ինչքան հանցագործություն կգրանցենք, կարևորը, որ դրանք բացահայտվեն: Ավելին, եթե հանկարծ պարզվի, որ հանցագործությունը չի գրանցվել ոստիկանության ծառայության կամ ծառայողի մեղքով, անհապաղ համապատասխան ընթացակարգեր են գործի դրվում, և նշված ծառայողները ենթարկվում են խիստ կարգապահական պատասխանատվության»,- նշեց Ա.Ղուկասյանը: Մանրամասն՝ տեսանյութում: