Այդ մարդիկ խոհեմ կլինեին, եթե հրաժարական տային Արա Շիրինյանի ընտրվելուց անմիջապես հետո․ Պասկևիչյան

Հանրային հեռուստաընկերության շուրջ խմորումներն ու քննարկումները շարունակվում են, դրանց մեծ թափ հաղորդեց նաև հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հայտնի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Պասկևիչյանը նշեց. «Մոտավորապես 90-ականների կեսերից ձևավորված հեռուստատեսային դաշտը Հայաստանում գնացել է մի ուղղությամբ, որը շատ հեռու է կրթադաստիարակչական դերից, թեև ես կարծում եմ, որ հեռուստատեսության հիմնական առաքելությունը այնպիսի միջավայր ստեղծելն է, որտեղ մարդիկ կարող էին ազատորեն արտահայտել իրենց տեսակետները, գաղափարները: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որ հեռուստատեսությունը ստանձնել է լսարանի համար ինչ-որ բան անելու գործառույթ: Լսարանը պետք է ոչ թե կրավորական զանգված լիներ, այլ ներգրավված լիներ, և այստեղ է որ մեծ դեր ու նշանակություն պետք է ունենար Հանրային հեռուստաընկերությունը: Հանրային հեռուստաըներությունն իր ծրագրային քաղաքականությամբ պետք է կատարեր կարգավորիչ դեր. չափանիշներ սահմանողը պետք է լիներ»: Տ. Պասկևիչյանի դիտարկմամբ՝ հեղափոխությունը չի հասել Հանրային այն պատճառով, որ հեղափոխությամբ իշխանության եկած մարդիկ բավականաչափ խորությամբ չեն պատկերացնում այս ոլորտի դերն ու նշանակությունը: «Առաջին քայլերից մեկը պետք է լիներ Հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելը: «Արատները վերացնելու համար առաջին հերթին պետք էր փոխել հեռուստաընկերության ղեկավարությանը, որը նույնպես ընտրված կլիներ մրցույթով: ՀԻմա Հեռուստախորհրդի նախագահը և ռադիոընկերության տնօրենն ընտրված են մրցույթով, բայց մյուսները նախկին մարդիկ են… Ես աշխատանքի ընթացքում նկատել եմ մտակերտվածքի, փիլիսոփայության տարբերություններ, նրանք շատ ավելի խոհեմ կգտնվեին, եթե Արա Շիրինյանի ընտրվելու հաջորդ օրն իսկ հրաժարական տային… Ինչպես ասում են՝ նոր գինին չեն լցնում հին տիկերի մեջ»:   Մանրամասն՝ տեսանյութում: