ԱՄՆ-ն ուշադիր հետևում է հայաստանյան ներքին զարգացումներին․ պաշտոնական Երևանը ապացուցելու բան ունի

«Հանուն արդարության պետք է ասել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր պատվիրակությամբ ամենաբարձր մակարդակով հանդիպումն է ունեցել իր գործընկերների հետ, իսկ թե ինչ արդյունք դա կունենա՝ այժմ չենք կարող ասել. պետք է որոշ ժամանակ անցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով հայկական երեք պատվիրակությունների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ԱՄՆ կատարած այցերին: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ մեր խնդիրն այն է, որ կարծես չունենք Միացյալ Նահանգների օրակարգ. «Պատճառն այն է, որ նախկին իշխանությունների քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն էր վարում, այլ վարում էր ռեալ պրոռուսական, միակողմանի, բավական պրիմիտիվ քաղաքականություն, և այդ դեպքում Միացյալ Նահանգներին տեղ չի մնում»: Քաղաքագետը նշեց, որ նոր իշխանությունները ինչ-որ օրակարգ բացելու շանս ունեն: «Բայց այստեղ էլ սահմանափակումներ կան»,- ասաց նա՝ հիշատակելով Ռուսաստանի հետ ՀՀ-ից Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հայկական իշխանությունների որոշումը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցը. «Ուստի ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու ԱՄՆ պետքարտուղարը չհանդիպեց Զոհրաբ Մնացականյանի հետ. նա զբաղված մարդ է, և եթե դու չունես նրա հետ խոսելու հետաքրքիր օրակարգ, ուրեմն ԱՄՆ թիվ մեկ դիվանագետը չի հանդիպի մեր թիվ մեկ դիվանագետի հետ»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: