ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։ Հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։ «Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը, որպես գիտնական և դիվանագետ, որպես մարդ, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու, մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։ Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները: Հունիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը։ Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ., Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ.՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1991թ.-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ. 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ. համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ. նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ. նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների. 2017թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։