Պատրաստ եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Թուրք մրցակցին հաղթելու բեկումնային պահը…

Պատրաստ եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Թուրք մրցակցին հաղթելու բեկումնային պահը…

Մոտ մեկ ամիս առաջ Իտալիայում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել էր 4 մեդալ: Մասնավորապես, 80 քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 45 քաշային Հոմերոս Առաքելյանը, 48 քաշային Կարապետ Մանվելյանը և 51 քաշային Արմեն Հարությունյանն արժանացել էին բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Իտալիայում տեղի ունեցած առաջնությունը մեզ համար նշանավորվել էր հատկապես Վիգեն Նազարյանի հաջողությամբ: Վերջինս առաջին անգամ էր ելույթ ունենում Եվրոպայի առաջնությանը և առաջին փորձից բավական բարձր արդյունք գրանցեց: Նազարյանը մեր ամենատաղանդավոր ըմբիշներից մեկն է, որի հետ մասնագետներն ու երկրպագուները մեծ հույսեր են կապում: Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 2002-2003 թթ. ծնված ըմբիշները: Նազարյանը ծնվել է 2003 թվականին, և Իտալիայում նա գոտեմարտել է մեկ տարով ավելի մեծ մրցակիցների հետ: Մեկնարկային գոտեմարտում Նազարյանը 9:0 հաշվով առավելության էր հասել հույն մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում նույն հաշվով առավելության հասել արդեն դանիացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում Նազարյանին մրցակից էր հասել Թուրքիան ներկայացնող Ումուտ Չելեմը: Լարված և դիտարժան պայքարում մեր մարզիկն առավելության էր հասել 2:1 հաշվով: Այս գոտեմարտը կարելի է բեկումնային համարել հայ ըմբիշի կարիերայի համար: Մասնավորապես, հենց այս հաղթանակի շնորհիվ Նազարյանը իր և մեր երկրի համար նվաճեց արծաթե մեդալը: «Առաջին անգամ էի մասնակցում նման մակարդակի մրցաշարի, և լարվածությունը բավական մեծ էր: Վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչ գոտեմարտը բավական դժվար էր: Երբ գիտակցում ես, որ այդ մարտից է կախված քո երկրի համար մեդալ նվաճելը, պատասխանատվության զգացումն էլ ավելի է մեծանում: Կիսաեզրափակչում տարած հաղթանակն ամենակարևորն էր իմ կարիերայում, որը նաև մեդալ պարգևեց կարևոր մրցաշարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում Նազարյանը մրցել էր ռումինացի Դանիել Կոջոկի հետ և զիջել 3:0 հաշվով: «Չեմ կարող ասել, որ մրցակիցն ավելի ուժեղ էր, բայց նա տակտիկական առումով ավելի ճիշտ մարտ տարավ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի առաջնությունից հետո շատերը ոգևորվեցին իմ նվաճած մեդալով՝ դա համարելով մեծ նվաճում: Շատերը մոտենում էին և գոհունակություն հայտնում իմ ցույց տված արդյունքի համար: Նշեմ, սակայն, որ ես դժգոհ եմ իմ ելույթից: Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ հասնելն ու պարտվելը ցավալի է: Ես կարող էի նաև ոսկե մեդալ նվաճել, բայց ինչ-որ բան չստացվեց: Կարծում եմ՝ առաջիկայում կհաջողվի ավելի բարձր արդյունքներ գրանցել»,- նշեց Նազարյանը: Արդեն հուլիսի 31-ին Հայաստանի հավաքականը մեկնելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ օգոստոսի 2-4-ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ Վիգեն Նազարյանը խնդիր է դրել նվաճել ոսկե մեդալ: «Անլուծելի խնդիրներ չկան, և ամեն ինչ անելու եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Մենք ունենք ուժեղ հավաքական և ակնկալում ենք, որ այս անգամ էլ գոնե 3-4 մեդալ կնվաճենք: Չի բացառվում, որ Սոֆիայում ևս հանդիպեմ Կոջոկի և թուրք ըմբիշի հետ: Նրանք իմ հիմնական մրցակիցների շարքում են: Տեղյակ եմ նաև, որ Ռուսաստանը աշխարհի առաջնությանը ներկայանալու է իր ուժեղագույն ըմբիշներով: Եվրոպայի առաջնությունում իմ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացրեց ներքին առաջնության փոխչեմպիոնը, իսկ այս անգամ արդեն հանդես կգա չեմպիոնը: Ընդհանուր առմամբ առաջիկա առաջնությունն իր կազմով շատ ավելի ուժեղ է լինելու: Բարձրակարգ ըմբիշներ ունեն Իրանը, Չինաստանը, Ճապոնիան: Ամեն դեպքում ես պատրաստ եմ և պայքարելու եմ աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- հավելեց Նազարյանը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 10 ըմբիշներ: Այսինքն՝ բոլոր քաշային կարգերում մեր երկիրը կունենա ներկայացուցիչներ: Նախապատրաստական փուլում Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է ուսումնամարզական հավաք: Եվս մեկ հավաք մեր հավաքականը կանցկացնի առաջիկա օրերին՝ Օլիմպավանում: Նշենք, որ Նազարյանը մարզվում է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցում: Նրա մարզիչը Տիգրան Սահակյանն է: Ի դեպ, Վիգեն Նազարյանը Սահակյանի առաջին սանն է, ում հաջողվել է Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Հայաստանի պատանեկան հավաքականը ելույթ է ունենում Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: