Թովմասյանը գիտի, թե իր համար ինչ կարող է նշանակել գնալ Քոչարյանի դեմ

Թովմասյանը գիտի, թե իր համար ինչ կարող է նշանակել գնալ Քոչարյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի արձագանքները, որոնց համար Սահմանադրական դատարանը գործը ուղարկել է այդ կառույցներ, լինելու են երկրորդ նախագահի՞ օգտին, թե՞ ոչ: ՍԴ որոշումից հետո այդ հարցը դառնում է ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք դա լինելու է զուտ մասնագիտակա՞ն որոշում՝ իրավական մեկնության տիրույթում, թե՞ Եվրոպան դիտարկելու է հարցի քաղաքական տողատակն ու համատեքստը, որն ակնհայտորեն կա: Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: Ավելին՝ իր հարցազրույցներից մեկում նա ուղղակի դիմել է եվրակառույցներին՝ իրեն քաղբանտարկյալ ճանաչելու համար: Եվրակառույցները չեն արձագանքել: Հիմա փաստորեն տեղի է ունեցել մի իրողություն, երբ այդ կառույցները կամ դրանցից առնվազն երկուսը ստացել են արդեն ոչ թե հարցազրուցային, այլ պաշտոնական դիմում: Այստեղ իրավիճակը բավականին հակասական է: Եթե Սահմանադրական դատարանը վստահ չէ, որ ստացվելու է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կամ խորհրդատվություն, ինչո՞ւ է գնացել երկրորդ նախագահի համար այդպիսի ռիսկի և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկ: Որովհետև, եթե չգա որոշում կամ խորհրդատվություն, որ Քոչարյանն անձեռնմխելի է, ապա դրանով կստացվի, որ ՍԴ քայլն էապես ուժեղացրել է Հայաստանի իշխանության դիրքը, որն առանց այդ էլ առնվազն քաղաքական և հանրային դիրքերում բավականին ուժեղ էր: Ըստ այդմ՝ ՍԴ-ն գործն ուղարկել է կա՛մ համոզումով, որ գալիք արձագանքը լինելու է հօգուտ երկրորդ նախագահի, կա՛մ ՍԴ-ն գործն ուղարկել է, որովհետև Հայաստանում իր դիրքերն է գնահատել բավականին թույլ և գնացել է, այսպես ասած, վա բանկ՝ դիմելով ՄԻԵԴ ու Վենետիկ, ակնկալիքով, որ ստացվող եզրակացությունը կարող է օգնել դիմակայելու իշխանության քաղաքական գրոհին: Իսկ եթե չստացվի, ապա այդ դեպքում էլ ՍԴ-ն կդիմակայի նախկին իշխանության կամ Ռոբերտ Քոչարյանի գրոհին, որն անկասկած կլինի, եթե Սահմանադրական դատարանը չապահովի նրա անձեռնմխելիության հանգամանքը և ազատ արձակումն ու գործի ընդհանրապես փակումը: Հրայր Թովմասյանը թերևս կասկած չունի, որ իր առաջ դրված է առավելագույն և միարժեք խնդիր, որը չլուծելու դեպքում նախկին համակարգն իր հանդեպ կարող է վարվել առավել կոշտ, քան նոր իշխանության հրաժարականի հարցադրումներն են: Իսկ լինելով այդ համակարգի մաս՝ Թովմասյանը թերևս լավ գիտի, թե ինչ է նշանակում գնալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ի վերջո, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հետ Թովմասյանի հայտնի հեռակա, անուղղակի բանավեճը, որ տեղի ունեցավ, երբ նա դեռ արդարադատության նախարար էր, հենց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դիմակայության շրջանակում էր, երբ ՀՅԴ-ն ոչ իշխանական ընդդիմադիր համարվող բևեռում էր, իսկ Հրայր Թովմասյանը՝ իշխանական: Լուսանկարը՝ Photolure-ի