Քոչարյանի հերթական ձախողումը. գործի է անցնում «քոչարյանական» բևեռը

Քոչարյանի հերթական ձախողումը. գործի է անցնում «քոչարյանական» բևեռը

«Քոչարյանական գվարդիան» կարծես թե աստիճանաբար վերջնական տեսք է ստանում՝ պատրաստվելով երկարատև հակամարտության: Վերջնական տեսքի մասին մեր պատկերացումները պայմանավորված են գվարդիայի ակտիվացման հանգամանքով: Այսինքն՝ ըստ գործունեության ակտիվության և միասնական նախաձեռնողականության՝ մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ միավորներից է կազմված և ինչ սահմաններում է տարածվում երկրորդ նախագահի թիմը: Նշենք նաև, որ «քոչարյանական» տարրերը ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ երկրորդ նախագահը բարդ և անելանելի իրավիճակներում է հայտնվում: Իսկ հիմա կարծես թե երբեմնի «միակ տղամարդու» կյանքի ամենածանր շրջափուլն է: Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով նրա գործը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ: Ըստ պաշտպանական թիմի հայտարարության՝ այդ կարծիքները կարող են տրամադրվել մինչև 5-6 ամիս ժամանակահատվածում: Այսինքն՝ բանից պարզվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ժամանակավորապես սառեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործը՝ իհարկե ժամանակ շահելու նպատակով: Ժամանակ, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրա համար: Այդ իսկ պատճառով պարոն Քոչարյանը շտապում է, նույնիսկ շատ է շտապում՝ փորձելով խուսափել հայրենի արդարադատության կործանարար հարվածներից: Հենց այս շտապողականությամբ է պայմանավորված 7 կուսակցությունների տարածած հայտնի հայտարարությունը, որտեղ նրանք ահազանգում են իշխանության մարմինների սերտաճման, գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումների և սեփական շահերը սպասարկող ՍԴ ձևավորելու խնդիրների մասին՝ պատրաստակամություն հայտնելով հարկ եղած դեպքում պայքարել իշխանության վերոհիշյալ ապօրինությունների դեմ: Հիշեցնենք, որ վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Հայաստանի դեմոկրատական», «Մեկ Հայաստան» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները: Խոստովանենք, որ հետաքրքիր կազմ է, ուշագրավ դեմքեր ու դեպքեր են հավաքվել մեկ հարկի տակ: Ավանդականներն ու 130 տարեկանները, մոսկովյան էմիսարներն ու մարդ-կուսակցությունները, մի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի հին ու նոր ընկերները: Միայն թե պարզ չէ, թե այս «քոչարյանական կլուբում» ի՞նչ գործ ունի Հրանտ Բագրատյանը, մի՞թե նա էլ, արդյոք նրա՞ն էլ պիցցա հյուրասիրեցին, թե՞ 90-ականների խոշորագույն ռեֆորմատորը պարզապես մոլորության մեջ է: Սրամտություններն ու «շուլուխները» դնենք մի կողմ ու փորձենք հասկանալ, թե ի՞նչ է, ի վերջո, այս քաղաքական ուժերի ուզածը: Ի՞նչն է նրանց միավորում, բաժանում և հետո նորից միավորում: Մոսկվան այլևս հրաժարվել է Հայաստանում «միավորիր, որ տիրես» սկզբունքից: Նրանք համոզված են, որ Հայաստանում այլևս չկա այնպիսի մի բևեռ, որը վերահսկելի կդարձնի ամբողջ համակարգն ու այդ վերահսկելիության մանդատով կկիսվի նաև Կրեմլի հետ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իշխող բևեռի կողքին ռուսներն ուզում են տեսնել նաև երկրորդ ազդեցիկ բևեռը, որը մշտական հակամարտության մեջ կլինի առաջինի հետ: Ռուսները հասկանում են, որ իրենք չեն կարող մոտ ապագայում տապալել Փաշինյանի իշխանությունը, ընդհակառակը՝ նրանք հաշտվել ու համակերպվել են դրա գոյության հետ: Բայց այդ իշխանությանը վերահսկելու ու հակակշռելու համար անհրաժեշտ է երկրորդ բևեռ, և այդ դերը պետք է ստանձնեն Քոչարյանն ու նրա գործընկեր քաղաքական ուժերը: Վստահաբար վերջիններս ընդառաջ են գնում ռուսների այդ քաղաքականությանը՝ առաջարկելով իրենց ծառայությունները: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի պատկերացրած երկրորդ՝ քոչարյանական բևեռը աստիճանաբար սաղմնավորվում և ձևավորվում է: Միգուցե նախատեսվածից շուտ նրանք փորձեցին կոնսոլիդացիայի փորձ անել, քանի որ, ինչպես նշեցինք, երկրորդ նախագահի շուրջ օղակը սեղմվում է, և այլևս սպասելու ժամանակ չկա: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անվճռական ու անվստահելի է դարձել, կարծես թե նա չի կարողանում պատվով կատարել իր վրա դրված ականի առաքելությունը: Չէ՞ որ նախորդ ռեժիմը նրան ժառանգություն է թողել՝ հետագայում իշխանություններին հակասահմանադրական գործողությունների մեջ մեղադրելու նպատակով, քանի որ ՍԴ նախագահի խնդիրն է ինչ-որ փուլում կամովին վնասազերծվելն ու վարչապետ Փաշինյանի ուսերին որպես իրավական բեռ մնալը: Ինչ խոսք, ծանր առաքելություն է: Այսինքն՝ «քոչարյանական» բևեռի ակտիվացումը ինչ-որ իմաստով պայմանավորված է նաև Հրայր Թովմասյանի վարքագծով, ակնհայտ է, որ նա այլևս չի ձգում, և Քոչարյանին այլ ակտիվ հենարան է անհրաժեշտ: Հենարան, որը Թովմասյանի հեռացումը կամ էլ անցանկալի որոշումների կայացումը կներկայացնի որպես ճնշում դատական իշխանության վրա: Հետաքրքիր սցենար է՝ հատկապես, երբ գլխավոր դերերում են հայտնվել Մոսկվայի տեղի վասալներն ու նոր-նոր գործուղված հայազգի «դիվերսանտները»: Իսկապես սա հիբրիդային պատերազմ է Հայաստանի Հանրապետության և նրա ինքնիշխանության դեմ: Ոչ ոք չի ներվելու, նույնիսկ նրանք, որոնք սեփական թերարժեքության և ինքնասիրահարվածության տատանումների արդյունքում մոլորության մեջ են հայտնվել: