Պետք է այնքան մաքուր լինենք, որ այլ դատավորների մաքրությունը ստուգենք․ ԲԴԽ անդամ

Մինչև վերջերս ԲԴԽ-ի նկատմամբ տոտալ անվստահության մթնոլորտ կար ձևավորված, ինչը, թերևս, պայմանավորված էր նրանով, որ այնտեղ ներկայացված էին նախկին իշխանության ներկայացուցիչներ կամ նրանց հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք: Արդյո՞ք այսօր ինչ-որ բան փոխվել է: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատական իշխանության նկատմամբ անվստահություն է տարածվել ԲԴԽ-ի վրա. «ԲԴԽ-ն ներկայումս դժվար խնդրի առաջ է կանգնած»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԲԴԽ անդամներից շատերը, թեև նշանակվել էին նախկին իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, իրենց գործողություներում ունեցել են օբյեկտիվություն և պրոֆեսիոնալ անձինք են: «Հանրության վստահության համար պետք է քայլեր ձեռնարկվեն ԲԴԽ-ի կողմից. մենք պետք է մեր գործողություններով վաստակենք հանրության վստահությունը, չենք կարող հանրությունից պահանջել մեզ վստահել, մեզ սիրել, հետո նոր գործենք, առաջին քայլը մենք պետք է անենք»,- նշեց ԲԴԽ նորընտիր անդամը՝ հավելելով, որ ԲԴԽ-ն սկսել է որոշակի գործողություններ: Գ. Բեքմեզյանի խոսքով՝ փոփոխություններ անելու համար պետք է վստահել մեկին, ով կկատարի այդ փոփոխությունները: «Պետք է այնքան մաքուր լինենք, որ այլ դատավորների մաքրությունը ստուգենք,- ընդգծեց ԲԴԽ անդամը: Մանրամասն՝ տեսանյութում: