2003 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. անտառախախտման վերաբերյալ ակտը դարձել է թշնամության ու սպանության պատճառ Դիլիջանում

2003 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. անտառախախտման վերաբերյալ ակտը դարձել է թշնամության ու սպանության պատճառ Դիլիջանում

Ապօրինի անտառահատումը ինքնին՝ հանցավոր արարք լինելով, հաճախ հանցաշղթա է կազմում այլ հանցավոր արարքների հետ, երբեմն էլ դառնում է մարդկային հարաբերությունների այնաստիճան լարման պատճառ, որ հետևանքը անդառնալի ողբերգությունը, մարդկային կյանքի կորուստն է լինում: Ոչ վաղ անցյալից ներկայացվող դիլիջանյան սպանության հիմքում առերևույթ՝ հենց ապօրինի անտառահատումն է, իսկ իրականում՝ անօրինականի ու անթույլատրելիի սահմանների տեղաշարժն է մարդկանց պատկերացումներում. օրինականության սահմանի փոքրիկ տեղաշարժն անգամ կարող է հանգեցնել ավելի ծանր օրինազանցության: 45-ամյա Սամվելը Դիլիջանի անտառտնտեսությունում աշխատում էր որպես անտառապետի օգնական, իսկ Լիպարիտը անտառապահ էր: Օրերից մի օր անտառախախտման վերաբերյալ ակտ կազմվեց... Լիպարիտի որդու նկատմամբ: Լիպարիտին ազատեցին աշխատանքից: Լիպարիտը մինչև հոգու խորքը վիրավորված էր ու կատարվածի համար մեղադրում էր նրան, ով իր որդու «վրա» ակտ էր գրել, հենց նրան էր համարում իր ընտանիքի թշնամի: Լիպարիտի կարծիքով՝ իր որդու «վրա» ակտը գրել էր անտառապետի օգնական Սամվելը: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը այդ ակտի հետ ոչ մի առնչություն չունի: Լիպարիտի կարծիքով՝ Սամվելն էր խոչընդոտում, որ իրեն վերականգնեն անտառապահի աշխատանքում, իսկ Սամվելը ժխտում էր նաև Լիպարիտի այդ ենթադրությունը: Լիպարիտի ու Սամվելի թշնամությունը հասունանում էր: Բնակավայրը մեծ չէր, մարդիկ խոսում էին: Գլխավոր գործող անձինք պարզաբանում կատարելու պահանջ էին զգում: Մի օր էլ պատահաբար հանդիպեցին, ու կուտակված չարությունը պոռթկաց... Ըստ վկա Թ.-ի՝ 2003 թվականի ապրիլի 12-ին, ժամը 19-ի սահմաններում իր մեքենայով Սամվելի հետ Դիլիջանից իրենց գյուղ էին գնում: Ճանապարհին Սամվելը հանկարծ խնդրեց հետ դառնալ ու դեպի Դիլիջան ընթանալ: Նա պահանջեց նաև լուսային ազդանշանով կանգնեցնել դեպի Դիլիջան ընթացող մեքենան, որի մեջ Լիպարիտն էր: Թ.-ն այդպես էլ արեց: Երկու մեքենաները կանգնեցին Մյասնիկյան փողոցում: Սամվելը մոտեցավ մեքենայից իջած Լիպարիտին: Ըստ վկա Թ.-ի՝ ինքը տեսել է՝ ինչպես են Սամվելն ու Լիպարիտը վիճում, քաշքշում իրար: Իսկ երբ հեռանում էին, նկատել է, որ Լիպարիտը բռնել է կուրծքը... Վկան պնդել է, թե ո՛չ դանակ է տեսել, ո՛չ դանակահարություն: Միայն հաջորդ օրն է իմացել, որ Լիպարիտը մահացել է Սամվելի դանակի հարվածից... Ըստ գործով մեկ այլ վկայի՝ Ա.-ի, դեպքի օրն ինքը Լիպարիտի խնդրանքով նրան տանում էր Դիլիջան: Լիպարիտը պետք է հանդիպեր Դիլիջանի անտառապետին: Ճանապարհին հետևի մեքենան լուսային ազդանշան էր տալիս, ինքը կանգնեցրել է մեքենան: Լիպարիտն իջել է մեքենայից, վիճաբանության մեջ է մտել մյուս մեքենայից իջած Սամվելի հետ: Վկա Ա.-ն հայտնել է՝ ինքը փորձել է միջամտել, վեճը դադարեցնել, բայց Սամվելը բռունցքով երկու անգամ հարվածել է իր դեմքին, իր քթից արյուն է հոսել, ինքը մի կողմ է քաշվել, որ արյունը մաքրի: Թե ինչ է կատարվել հետո՝ չի տեսել: Միայն Սամվելի ձեռքին ինչ-որ փայլուն բան է նկատել: Մինչև ուշքի է եկել, Լիպարիտն արդեն անշնչացած ընկած էր մայթին... Սամվելը նշել է, որ ցանկանում էր խոսել Լիպարիտի հետ՝ իր անվան շուրջ տարածվող սուտ լուրերի մասին: Դեմ առ դեմ հայտնվելով՝ սկսել են վիճել: Ինքը, իրոք, բռունցքով հարվածել է վեճին միջամտելու փորձ կատարող Ա.-ի դեմքին: Այդ ժամանակ Լիպարիտը դանակ է հանել: Ինքը պաշտպանվել է, այդ ընթացքում վնասվել է իր ձեռքը: Ինքը կարողացել է դանակը խլել Լիպարիտից ու հարվածել նրան: Հարվածել է միայն նրա հայհոյանքից հետո, եթե նա չհայհոյեր, ինքը չէր հարվածի: Հետո դանակը «գետնով է տվել» ու հեռացել: Դատարանում Սամվելը նշել է՝ ոչ թե իրենց մեքենան, այլ այն մեքենան է կանգնելու ազդանշան տվել, որում Լիպարիտն էր: Հենց նա էլ, ըստ Սամվելի, նախահարձակ էր եղել: Սամվելը պնդում էր՝ ինքը դանակով չի հարվածել Լիպարիտին, վերջինս փոխադարձ քաշքշոցի ընթացքում «վիրավորանք» է ստացել անհասկանալի ձևով... Սամվելը, որպես պաշտպանական մարտավարություն, նշում էր, թե անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել դեպքի պահին, ինչպես նաև գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում... Ե՛վ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարանները հաստատված գնահատեցին, որ Սամվելը մեղավոր է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Լիպարիտի մահը վրա էր հասել սրտապարկի ու փորոքի վնասման, սրտի տրավմատիկ տամպոնադայի հետևանքով: Տուժողի սրտի շրջանին դանակի մեկ շեշտակի հարված էր եղել, ինչը քաշքշոցի ժամանակ պատահականության արդյունք չէր կարող լինել: Սամվելը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Լիպարիտը զրկվեց կյանքից: Ու կատարվածն իր ծանրությամբ անհամեմատելի էր անտառախախտման համար գրված ակտի կամ աշխատանքից ազատման հետ: