Երեք անգամ սահմանադրություն ենք փոխել․ Սա մեր պետական անլրջության ցուցիչներից է

Երեք անգամ սահմանադրություն ենք փոխել․ Սա մեր պետական անլրջության ցուցիչներից է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։ Պարոն Հայրապետյան, իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում սահմանադրական ճգնաժամ կա, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի խնդիրը։ Սահմանադրական ճգնաժամ է կոչվում այն, երբ գործող սահմանադրությամբ հնարավոր չի լինում լուծել իշխանության հարցը: Հայաստանում նման խնդիր չկա և երբևէ չի եղել: Այսօր մենք ընդամենն ունենք Սահմանադրական դատարանի ճգնաժամ, որը նյարդերի պատերազմի ծիրից է: Խնդիրը պարտավոր է հանգուցալուծվել պարոն Թովմասյանի հեռացմամբ, բայց դա պետք է լինի ոչ թե զոռբայությամբ, ինչը նորմ է Հայաստանում, այլ քաղաքական կամքի և օրենսդիրի համառության դրսևորմամբ, փոխհամաձայնությամբ (չշփոթել, խնդրեմ, փոխպայմանավորվածության հետ): Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները չեն ուշանում։ Ինչո՞ւ իշխանությունը չի նախաձեռնում դրանք։ Իսկ ո՞վ ապացուցեց, թե դրանք անհրաժեշտ են: Մեր երկիրը ունեցել է երեք ղեկավար, և երեք անգամ սահմանադրությանը ձեռք է զարնվել: Սա մեր պետական անլրջության ցուցիչներից է: Ամերիկյան 232 տարվա սահմանադրությունը քանի անգա՞մ է փոխվել, փոփոխվել… Կարո՞ղ ենք մեր Սահմանադրության (որին, ի դեպ, 1995-ին դեմ եմ քվեարկել) գոյության 24 տարվա ընթացքից նշել գոնե մեկ անելանելի, առաջընթացը խոչընդոտող դեպք, որ  առաջացրել է Սահմանադրությունը կամ որին Սահմանադրությունը լուծում չի կարողացել տալ: Եթե ՍԴ որոշումների որակը մեզ չի բավարարում, դա դեռ չի նշանակում, որ Սահմանադրությունն է մեղավորը. վատն այդ դատարանի մեծամասնությունն էր՝ իր կոմունիստ ղեկավարով: Սահմանադրական փոփոխությունների մասին մենք բարոյական իրավունք կունենանք մտածել այն ժամանակ, երբ կմշակվենք այնքան, որ Սահմանադրությունը մեզ համար կդառնա ամենօրյա գիտակցված պահանջ: Ինքներս մեզ չկեղծենք հերթական անգամ, չկեղծենք գոնե այս դեպքում՝ մենք դեռևս սահմանադրության արժեքը գիտակցող հանրույթ չենք դարձել: Իշխանությունը կարծես հրաժարվում է վեթինգից, փոխարենը հայտարարում է, որ հավատարիմ է մնում դատական բարեփոխումներ իրականացնելու իր հանձնառությանը։ Ինչպե՞ս եք սա գնահատում, արդյո՞ք իշխանությունը շեղվո՞ւմ է իր նպատակներից։ Միջնադարյան նոմինալիստական վեճ է սա հիշեցնում՝ գումարած հայկական քաղաքական դասի աճպարարության հակվածությունը: Ցածրակարգ թիթիզներն այսօր եթե ադիբուդիին պոպքորն են ասում, դա դեռ չի նշանակում, թե դրանից բան է փոխվում – եթե անգամ փոխվում է, ապա միայն այն, որ սկսում ես ավելի խորն արհամարհել ձիուց արագ փախչող խրտնած ավանակներին: Անունն ինչ ուզում եք՝ դրեք, ուզում եք՝ «վեթինգ», ուզում եք՝ «զտում-37», ուզում եք՝ «համակարգի բարեփոխում» – էական չէ: Էականը խնդրի ճանաչումն ու ընդունումն է, ինչն առկա է թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության պարագայում: Մնում է այն լուծել՝ ելնելով պետության հիմնարար շահից և ոչ անձնական նախապատվություններից: Իշխանությունն ո՞վ կամ ո՞վքեր են, որ հիմա շեղվում են: Եթե Նիկոլ Փաշինյանն է, ապա նա չափազանց հստակ ասաց «Ազատություն» ռադիոկայանի իր հարցազրույցում, որ խնդիրն անձամբ գիտակցում է և լուծում տալու է: Ուրեմն ի՞նչ շեղման մասին կարող է խոսք լինել: Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում Հայաստանում, ովքե՞ր են կանգնած վերջին սրացումների, դատական համակարգի դիմակայության ետեւում։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը։ Ոչ մի առանձնակի սրացում չկա առայժմ: Սրանք խորքային երևույթներ են, որոնց հիմնական թիրախները Վարչապետն ու մեր ազգային հավաքական իմունոհամակարգն են: Միշտ էլ հնարավոր է մեր տիպի հանրույթներում նույնիսկ ամենամակերեսային տեխնոլոգիաների կիրառմամբ փողոց դուրս բերել մեր հենց չարքաշ ու միամիտ բնակչությանը, գրգռել նրան, թշնամացնել, ապա և՝ մինչև վերջ չկայացած քաղաքացուն օտարել սեփական պետությունից: Մեծ հաշվով, սրանք մեծ ու փոքր զոնդաժներ են նախաալեքսանդրապոլյան մեծ խառնակչության օջախները ճշգրտելու, նշագրելու հարցում, որի համար որպես մանրադրամ օգտագործվում են մեր ամենասովորական բնակիչներից մինչև ոստիկաններ, իրենք իրենցից վախեցած ու շվարած դատավորներ, անբանիմաց նորելուկ և հին ու քոքված քաղգործիչներ: Այնպես որ, մենք դրսի համար միանգամայն թափանցիկ մոտեցվում ենք աղետի նախաշեմին: Հետաքրքիր է, գիտեք, 1905-1906թթ. հայ-թաթարական, 1915-1923թթ. Մեծ եղեռնի, ապա և՝ 1920-1950-ական թթ. խորհրդային գնդակահարությունների ու աքսորների մասին գրող վերապրողները միաբերան, կրկնում եմ՝ միաբերան, օգտագործում են «մի անտեսանելի ձեռք» արտահայտությունը: 21-րդ դարում անգիտանալ այդ «անտեսանելի ձեռքին», նորից չտեսնել այն ու փորձել դրանք փնտրել մեղկ ու ողորմելի աբորիգենների մեջ, պարզապես խայտառակություն է: Ծեքծեքուն ԿԳԲ-ն ու Ոստիկանությունն ամենևին էլ երկրի իրական շահերի սպասարկման դերում չեն, եթե միան արձագանքում են ուղղորդվող իրադարձություններին, խորքում կազմաքանդված են գրեթե մինչև վերջ: Խոսքները մեկ արած՝ բոլորը քննարկում են դատավորների վեթինգի, ոմանք՝ առաջ գնալով՝ տարբեր մակարդակների վեթինգների հարցեր, չտեսնելով, որ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն են այսօր կանգնած մի գլոբալ վեթինգի առջև: Կկարողանա՞նք հաղթահարել այդ վեթինգը, թե՞ նախորդ դարասկզբի նման կկտրվենք քննությունից՝ մեր առաջնայնությունը, գուցեև պատմության թատերաբեմում մեր տեղն այս անգամ արդեն վերջնականապես զիջելով հարևան ազգերին – սա՛ է խնդիրը: Նախասահմանված և անհաղթահարելի ոչինչ չկա, հնարավոր է ոչ միայն պահպանել մեր պետական, ազգային տեղն արևի տակ, այլև դառնալ կենսունակ, մրցունակ, ընդլայնելի: Նայեք 1918-ին խայտառակ պարտություն կրած, մասնատված, անիշխանական Թուրքիային, որի համար մահախոսական էր նախասահմանվել (իսկ մեզ Սևր էր առաջարկվում), բայց թուրքերի մեջ գտնվեցին մի Քեմալ ու մի խումբ քեմալականներ և կարողացան ոչ միայն խափանել Թուրքիայի արդեն իսկ որոշված մասնատումն ու վերացումը, այլև, մեզնից առավել հաջողությամբ անցնելով վեթինգը, հայերից ու հույներից վերցրին նրանց ունեցածից էլ, ավելին՝ նույնիսկ արաբներից վերցրին ոչ թուրքաբնակ տարածքներ: Ձեռնունայն մնացին վեթինգը չհաղթահարած ոչ միայն հայերը, հույները, արաբները, այլև հայերից, հույներից, ասորիներից, եզդիներից տարածքն իրենց արևին՝ իրենց համար  դատարկած քրդերը: Կործանարար կարող է լինել «լայն փակված աչքերով» աշխարհին նայելու մեր գավառականությունը: