Հայաստանում սմարթ հեղափոխություն է․ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տնօրեն Կորյուն Խաչատուրյանն է, ով ծնվել և մեծացել է Սփյուռքում՝ Ֆրանսիայում, միշտ գիտակցել է, որ Հայաստանն է իր հայրենիքը, և որ պետք է վերադառնալ և ամեն ինչ անել`բարելավելու այն: «Երեք տարի առաջ Հայաստան եմ եկել աշխատանքի բերումով և, իհարկե, հայրենիք վերադառնալու ներքին, խորքային մղումով: Երկուսուկես տարի ապրեցի և աշխատեցի Արցախում, Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարն էի, դժբախտաբար անցա նաև Ապրիլյան պատերազմով… Կենտրոնը զարգացրինք, ընդլայնեցինք, դեպի գյուղ գնացինք. գյուղական համն ու հոտը ինձ քաշեցին: Հետո միացա COAF-ին: COAF-ի գործունեությունը սկսվել է 2004-ին՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, այնուհետև ընդլայնվել է: Մենք աշխատում ենք գյուղական համայքների հետ, սմարթ կենտրոններ ենք հիմնել Լոռիում, Տավուշում, Շիրակում՝ փորձելով նպաստել Հայաստանի զարգացմանը: COAF-ն իր գործունեության 15 տարիների ընթացքում 15 000-ից ավելի շահառուներ է ունեցել: Շարունակվում են մեր, այսպես ասած, դասական ծրագրերը և սմարթ կենտրոնների աշխատանքները: Սեպտեմբերից սկսած՝ սմարթ կենտրոնների աշխարհագրությունը մեծ թռիչք է ապրելու, ավելի շատ համայնքներ են ներգրավվելու»: «Մենք ապակենտրոնացնում ենք Հայաստանի զարգացումը: Գյուղական համայնքներում ենք ներդրումներ անում, քանի որ խորապես համոզված ենք, որ գյուղն էլ ունի իր արժեքը և իր ապագան»,- ընդգծեց Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև հավելեց, որ սմարթ հեղափոխության շարժիչ ուժը մարդն է՝ անհատը: Մանրամասն՝ տեսանյութում: