Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը լուրջ լրամշակման անհրաժեշտություն ունի

«Հայաստանում տարիներ շարունակ կանանց նկատմամբ բռնության թեման շատ փակ է եղել, իսկ պետությունը ժխտողական քաղաքականություն է վարել, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնություն չկա, խտրականություն չկա։ Դրա համար էլ վերջին օրերին ռեակցիաները տարբեր էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին օրերի բարձրաձայնումները շատ կարևոր էին, որը կստիպի, որ պետությունը ճանաչի այդ խնդիրը և ստանձնի այդ խնդիրները լուծելու համար քաղաքականության մշակման պարտավորություն։ «Իրականում այսօրվա մեր պետական համակարգը շատ բազմավեկտոր է։ Մենք չենք կարող պետությունը դիտարկել մեկ ամբողջական համակարգ։ Դատաիրավական համակարգն ունի լրջագույն համակարգ, որոշ մարմիններ արդեն հասկացել են խնդիրները և աշխատում են դրա լուծման ուղղությամբ։ Ընտանեկան բռնության դեմ օրենքը ընդունվեց բավական լուրջ հակասություններով, և պետությունը չընդունեց այնպիսի օրենք, որն ի սկզբանե կաշխատեր։ Ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքը լրամշակման, վերափոխման լուրջ կարիք ունի։ Բացի դրանից՝ մենք պետք է աշխատենք նաև միջազգային այլ պարտավորությունների, պայմանագրերի շրջանակներում»,- ասաց Հովհաննիսյանը։ Իրավապաշտպանի համար զարմանալի չէ, որ այս օրերին հակասական կարծիքներ են հնչում կանանց, անչափահասների նկատմամբ բռնության թեմայով, նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ։ Նա համարում է, որ դա կրթության, մարդու իրավունքների մասին բավարար գիտելիքներ չունենալու հետևանք է։ Քննչական կոմիտեն երկու տարի առաջ հրապարակեց շատ սահմռկեցուցիչ տվյալ, որ սեռական բռնության ենթարկված անչափահասների 47 տոկոսը բռնության է ենթարկվում ընտանիքի անդամների կողմից։ Սա պետք է հասարակության համար սուր ազդակ հանդիսանար։ Այդ տվյալները հիմնավոր են, ապացուցված են դատական վճիռներով և այն փոքր, շատ չնչին մասն են, որը հնարավոր է դարձել վեր հանել համատարած լռության պայմաններում։