Այս տարի 5 մարզում ունենք բացասական բնական հավելաճ. 2025-ից հանրապետությունում դեպոպուլյացիա է գրանցվելու

«2018 թվականին, պաշտոնական տվյալներով, դեպոպուլյացիա գրանցվել է միայն Լոռու մարզում։ Այս տարի արդեն 5 մարզի կտրվածքով ունենք բացասական բնական հավելաճ։ Մեկ մարզում զրո է։ Մնացածում՝ դրական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հարցը ամենաբարձր մակարդակով բարձրացվել է, իրականացվում է հետազոտություն մարզային կտրվածքով՝ հասկանալու համար դեպոպուլյացիայի պատճառները։ «Շատ-շատ նախնական տվյալներով՝ կարող եմ ասել, որ խնդիրը ծնելիությունը չէ։ Խնդիրները կարող են լինել արտագաղթը, մահացությունների բարձրացումը, ծնելիության անկումը։ Խնդիրը կոմպլեքս է։ Բայց ըստ վերջին կանխատեսումների՝ 2025 թվականից հանրապետության մակարդակով կարձանագրվի դեպոպուլյացիա»,- ասաց Հարությունյանը։ Տիկին Հարությունյանը նշեց, որ այս ուղղությամբ շատ մեծ աշխատանք է կատարվում։ Քաղաքական կամք կա այս ոլորտում մեծ ներդրումներ իրականացնելու, ստեղծելու այնպիսի պայմաններ, որ երիտասարդները չհեռանան Հայաստանից։ Այս ոլորտում քաղաքականությունը առհասարակ պետք է ընտանիքակենտրոն լինի։ «Շատ կարևոր է մարզերի զարգացումը, ինֆրաստրուկտուրաների զարգացումը։ Այս բոլոր ուղղություններով հսկայական աշխատանք է կատարվում, ծրագրեր են մշակվում, որոնց մի մասն արդեն իրականացվում է»,- ասաց մեր զրուցակիցը։   Առավել մանրամասն՝ տեսանյութում: