Նոր տրանսպորտային ցանցի ներդրումից հետո հնարավոր չի լինի խուսափել սակագնի փոփոխությունից

Արդեն պատրաստ է Երևանի տրասնպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը։ Այն մշակել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս նախորդ իշխանությունների պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել։ Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ավտոբուսները կլինեն հարմարեցված քաղաքի համար, կլինեն 7.5-8, 12, 18 մետրանոց ավտոբուսներ, գործելու է միասնական երթուղային համակարգ, միասնական վճարային համակարգ։ Փոխքաղաքապետի խոսքերով՝ տրոլեյբուսներից չեն հրաժարվում, քանի որ աշխարհը գնում է դեպի էլեկտրական տրանսպորտ, էլեկտրաբուսներ են գործում, ավտոմեքենաներ։ Դրա համար տրոլեյբուսների պահպանումն անհրաժեշտ է և դրանք ավելի ակտուալ են դառնում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Սարգսյանը նշեց, որ նախնական նշվում է երկու տարի ժամկետ։ Պրոցեսը ժամանակատար է, նախագիծը հաստատվելուց հետո պետք է մրցույթ հայտարարվի, ավտոբուս արտադրող ընկերությունները սկսեն արտադրել այդ քանակը, և իրականացվի տեղափոխումը։ Սարգսյանը նշեց, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրումից հետո հնարավոր չի լինի խուսափել սակագնի փոփոխությունից. «Ամեն ինչ իր գինն ունի։ Եթե մենք 130-150 միլիոն դոլարի չափով ներդնում ենք իրականացնում, ենթադրվում է, որ կլինի սակագնի փոփոխություն։ Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքի աղբահանության վիճակին, նշեց, որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբամաններ, աղբատար մեքենաներ, որոնք առաջիկայում քաղաքում կլինեն։ «Առաջիկա տապին ձմերուկի և սեխի գարշահոտ չենք շնչի»,- երաշխավորեց Հրաչյա Սարգսյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։