Հայաստանը կառավարվում է Կրեմլից․ պետք է կատարել լյուստրացիա

2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը: ՊՊԾ գունդը գրավելու և այլ արարքների մեջ մեղադրվում է 31 անձ, խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվեց 3 ոստիկան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը քաղաքագիտական կանխատեսում անելով՝ կարծիք հայտնեց, որ առաջիկյում հուլիսի 17-ը կնշվի որպես Ապստամբության օր՝ որպես ազգային տոն: «Ցավում եմ բռնապետության բոլոր զոհերի համար, այդ թվում՝ Մարտի 1-ի, ազգային դավաճանության պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մեր հարյուրից ավելի զինվորների և քաղաքացիների համար, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի հուլիսյան ապստամբության ժամանակ ռեժիմի մեղքով զոհված գնդապետ Վանոյանի և ռեժիմի ձեռքով սպանված մյուս երկու ոստիկանների համար: Սրանք շատ ողբերգական երևույթներ են, որոնց պետք է արդարության և ճշմարտության դիրքից նայել և ըստ այդմ գնահատականներ տալ, հակառակ դեպքում խրվելու ենք այս ճահիճի մեջ և նորից հայտնվելու ենք աղետների առաջ»: Ինչո՞ւ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը. անդրադառնալով այս հարցին և պարզաբանելով՝ Վ. Ավետիսյանը նախ նշեց, որ տեղի ունեցածից որոշ ժամանակ անց համակարգված ձևով սկսեց և շարունակում է աշխատել իրենց նկատմամբ հակաքարոզչության մեքենան՝ ցույց տալու համար, որ դա իբրև թե անհեթեթ քայլ էր, որը քաղաքական առումով արդյունք չտվեց, շատերի գնահատմամբ՝ վնասեց: «Երբ Մարտի 1-ը տեղի ունեցավ, ակնհայտ դարձավ, որ ռեժիմը փաստորեն կրակեց քաղաքացիների վրա և ամբողջացրեց բռնատիրությունը և զավթումը, և եթե որևէ մեկը փորձեր փոխել իրավիճակը, նրա նկատմամբ զենք պիտի կիրառվեր: Երբ տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը, ակնհայտ դարձավ, որ հանցավոր համագործակցությունը ունակ է նաև ազգային դավաճանության և ապացուցեց իր դավաճան լինելը, նաև այն, որ ինքն ընդամենը ռուսական կայսրության ծառայող, գաղութային, դավաճանական վարչակազմ է, որը իր կառավարումը երկարաձգելու համար պատրաստ է զիջել Արցախը՝ հազարավոր կյանքերի գնով և հանձնել Հայաստանի պետականությունը... Երբ մենք տեսանք, որ Սերժ Սարգսայնն անգամ Ապրիլյան պայմանավորված պատերազմի վիժեցումից հետո, որը վիժեցվեց մեր սպաների ու զինվորների անօրինակ քաջությամբ և դիմադրությամբ, նորից շարունակում է մեթոդական քայլեր ձեռնարկել դավաճանությունն ավարտին հասցնելու համար, այդ ժամանակ արդեն այլ տարբերակ չկար, աղետը կանխելու միակ ճանապարհը զենք վերցնելն էր»,- նշեց մեր զրուցակիցը: «Բռնապետությանը տապալելը ինքնանպատակ չէր, հիմնական նպատակն ազգային աղետը կանխելն էր... Եթե «Անմահ Կաշեյի» ասեղը չջարդվեր 2016-ի երկաթյա դիմադրությամբ և նա մահկանացու չդառնար, 2018թ. իրադարձությունները խաղաղ ձևով չէին լինի»,- ընդգծեց Վարուժան Ավետիսյանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը կառավարվում է Կրեմլից, և պետք է կատարել լյուստրացիա: Մանրամասն՝ տեսանյութում: