Վաշինգտոն չպետք է գնալ օգնություն ստացողի դեմքով․ ինչ սպասել ԱԺ նախագահի ԱՄՆ այցից

Հուլիսի 14-15-ին մեկնարկել է ՀՀ բարձրաստիճան երկու պաշտոնյաների աշխատանքային այցը ԱՄՆ: Հուլիսի 14-ին Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իսկ հուլիսի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցերի բնույթը և նպատակները տարբեր են, սակայն այս շաբաթը միանգամայն հնարվոր է բնորոշել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների շաբաթ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի հետ: Տարբեր գնահատականների համաձայն՝ հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում անորոշություն է տիրում, սակայն Արարատ Միրզոյանի այցը կարող է բեկում մտցնել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Լիանա Հովհաննիսյանը նշեց. «ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսը համալրվել է նոր կոնգրեսականներով, որոնցից շատերը հայամետ են: Հաշվի առնելով այս փաստը՝ կարող ենք ասել, որ Կոնգրեսում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել մեզ համար: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության առումով, թերևս, շատ կարևոր է ՀՀ-ի համար, որպեսզի կարողանա տարբեր մակարդակներում բանակցություններ վարել և մեզ համար շահավետ թեզերը փոխանցել, մեր կարծիքը հստակ ներկայացնել: Այս առումով ԱԺ նախագահի այցը կարևոր է, և քանի որ այցը շարունակական է, արդյունքներն այս փուլում ամփոփելը ճիշտ չի լինի»: Սուրեն Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև Արտաքին գործերի նախարարի այցը Վաշինգտոն: Նա նաև նշեց, որ Արարատ Միրզոյանի բարձր մակարդակի հանդիպումները բացառապես պայմանավորված են հայկական լոբբիստական աշխատանքներով: Սուրեն Սարգսյանն անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ մասնավորապես նշեց, որ Հայաստանը պետք է հաշվի առնի Թուրքիայի՝ ոչ մեկից չվախեցող և անպատիժ քաղաքականություն վարելու հանգամանքը և ընդգծեց. «Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին 30 տարիներին միշտ վայրիվերումներ են ունեցել. «Բայց մենք դրանից չենք օգտվել և մեր շահերը չենք կարողացել առաջ մղել»: «Հաշվի առնելով Թրամփի ներկայիս քաղաքականությունը, որտեղ հիմնականում տնտեսական շահն է, պետք է տնտեսական ծրագրերի մասին մտածել, իհարկե, օգնության ծրագրերը կարևոր են, բայց պետք է նաև փորձել հասնել գործընկերության մակարդակի և փոխշահավետ հարաբերությունների կառուցման»,- ընդգծեց Լ. Հովհաննիսյանը: Ս. Սարգսյանը հավելեց, որ Վաշինգտոն չպետք է գնալ օգնություն ստացողի դեմքով, այլ պետք է գնալ հստակ ծրագրերով ու առաջարկներով:   Մանրամասն՝ տեսանյութում: