Վարչապետը ցնցված է. Փաշինյանի հարցազրույցի կարևոր ուղերձները

Արդարադատության նախարարությունը օրերս հանդես եկավ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շահարկումների վերաբերյալ պարզաբանմամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանության ու հանձնաժողովի մոտեցումները ամենևին հակասական կամ հակադիր չեն, այդ թվում՝ դատավորների վեթինգի ենթարկելու վերաբերյալ: Սակայն արդարադատության նախարարության հայտարարության մեջ ամենահետաքրքիրը, թերևս, այն էր, որ նախարարությունն ազդարարել էր առաջիկայում այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին: Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» TV-ին, որտեղ հարցերի լայն շրջանակ է ներառվել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզան Սողոմոնյանը: Պատասխանելով հարցին, թե որն է ամենամեծ ձեռքբերումը իր կառավարման 14 ամիսների ընթացքում, վարչապետը նշել է, որ ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն է և երկրի ժողովրդավարական իմիջը: Նա նաև հիշեցրել է, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական հարթակներում, ինչը բացառիկ իրադարձություն է: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ստեփան Սաֆարյանը նույնպես պնդեց, որ իսկապես Հայաստանը չափազանց կարևոր քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն: «Իհարկե, այն դեռևս չենք համարի անշրջելի և ավարտուն, որովհետև ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այլ նաև այն ամենօրյա ռեժիմը, որ թույլ է տալիս մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացում: Այս առումով Հայաստանը դեռ երկար ճանապարհ կանցնի, ակնհայտ է, որ խոշոր քայլը կատարված է...»: Հարցազրույցում անդրադարձ եղավ նաև թիմի անփորձությանը և կադրային քաղաքականությանը և վարչապետը նշեց. «Մեր քաղաքական թիմը այն քաղաքական թիմն է, որն ապահովել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և շարունակում է առաջնորդել և վայել ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմը ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու...»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ վարչապետը նաև ընդունել է, որ ամեն ինչ կատարյալ չէ, և կա կառավարման խնդիր, և որ դա օրակարգային հարց է, որի  ուղղությամբ անընդհատ աշխատանք է տարվում: Պատգամավորի խոսքով՝ կադրային քաղաքականության հետ կապված մտահոգությունները լեգիտիմ են, բայց չպետք է դրանք ուռճացնել: Ս. Սողոմոնյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ վարչապետի դիտարկումներին, ՍԴ շուրջ ստեղծված թնջուկին, վեթինգին:   Մանրամասն՝ տեսանյութում: