Դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում․ Փաշինյան

Դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում․ Փաշինյան

Հայաստանի գործադիր իշխանության, վարչապետի համար շատ կարևոր է ոչ թե դատարանի այս կամ այն որոշումը, այլ որ այդ որոշումների նկատմամբ վստահություն լինի, որ այս կամ այն որոշումից հետո մարդիկ գործարքներ չփնտրեն այդ որոշումների հետևում։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր քաղաքական խնդիրն է` ունենալ անկախ դատական համակարգ, բայց պայմանով։ Գիտեք ինչ, ես վարչապետ ընտրվելուց հետո ասել եմ, որ ես դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, որ դատական համակարգը պետք է լինի անկախ։ Բայց մի տարուց հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ է զգում, այլ իրեն անտեր է զգում։ Եվ ման է գալիս, թե որտեղ տեր փնտրի, ով կա, որ կարա տեր դառնա դատական համակարգին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ չի բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են «տեր փնտրում», քանի որ սովոր են, որ տեր պետք է ունենան, որն իրենց գլխին պետք է տա։ Փաշինյանի բնորոշմամբ՝ այդպիսի դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Դատարանները շրջափակելու որոշման մասին հարցին էլ Փաշինյանը հարցով է պատասխանում՝ ինձ որ պետք լիներ դատարանների գործերին միջամտել, չէի կարողանա՞ այլ կերպ։ Դա, ըստ վարչապետի, սիմվոլիկ ցուցադրական ակցիա էր։ «Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Մի տարվա ընթացքում փոխանակ էտ դատավորները և դատական համակարգը զբաղվեին ինքնամաքրմամբ, ասեր՝ «էս ինչ ազատագրում ենք մենք ստացել, մենք, ի վերջո, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր լինել, արժանապատիվ քաղաքացի լինել», էտ մարդիկ տերեր են փնտրում։ Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ «եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»։ Էս դատական համակարգը՝ սկսած սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»,- ասաց Փաշինյանը։