Հայաստանի նոր ատոմակայանը Սերժ Սարգսյանից հետո. Հայտարարություն Նյու Յորքում

Հայաստանի նոր ատոմակայանը Սերժ Սարգսյանից հետո. Հայտարարություն Նյու Յորքում

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ միջոցառումներին, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է Ռուսաստանի հետ նոր ատոմակայանի շինարարությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության համար: Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից և քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը՝ երբ սպառվի գործող ատոմակայանի ժամկետը, բանակցելով Ռուսաստանի հետ: Հայաստանը ներկայումս ռուսական վարկով իրականացնում է գործող ատոմակայանի նորոգում, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել շահագործումը ևս տասը տարով: Անկասկած է, սակայն, որ երկարաձգման ռեսուրսը սահմանափակ է, միաժամանակ աներկբա է, որ Հայաստանը ռազմավարական, ռազմաքաղաքական մեծագույն սխալ արած կլինի, եթե հրաժարվի ատոմային էներգետիկայից: Ատոմային էներգետիկայի պահանջը բխում է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև պարզապես հայկական պետականության անվտանգության տրամաբանությունից: Ադ իմաստով շատ կարևոր է, որ Երևանը Նյու Յորքում վերահաստատել է նոր ատոմակայանի մտադրությունը, որը գալիս է դեռևս նախորդ իշխանությունից, իսկ ավելի կոնկրետ՝ 2008 թվականից: Սերժ Սարգսյանը այդ թվականի հոկտեմբերին հայտարարեց նոր ատոմակայանի շինարարության մասին, թեև մեկ քար իսկ չի դրվել այդ ուղղությամբ: Ի՞նչ նոր զարգացում կա, և առարկայական ինչ բանակցություն է վարում ՌԴ-ի հետ Հայաստանի նոր իշխանությունը: Բանն այն է, որ նախորդ իշխանությունը ՌԴ-ի հետ կնքեց համաձայնագիր՝ «Ռոսատոմի» հետ, ըստ որի՝ Ռուսաստանը մի կողմից՝ ձեռք էր բերում նոր ատոմակայանի կառուցման, այսպես ասած, իրավունքը, մյուս կողմից՝ հայտնում ընդամենը 20 տոկոսը ֆինանսավորելու պատրաստակամություն: Իսկ այդ ընթացքում խոսվում էր այն մասին, որ նոր ատոմակայանը կարժենա մոտ 5 միլիարդ դոլար: Իսկ ո՞վ կտար մյուս 4 միլիարդը, եթե ատոմակայանի «իրավունքը» արդեն Ռուսաստանին էր տրված: Ըստ այդմ՝ աներկբա է, որ կա՛մ Ռուսաստանի հետ կլինի ամբողջական ֆինանսավորման պայմանավորվածություն, կա՛մ այլ աղբյուրներ հնարավոր կլինեն, եթե Ռուսաստանի «իրավունքները» համարժեք լինեն ֆինանսավորման ծավալներին և ընդհանրապես համարժեք լինեն բոլոր հնարավոր աղբյուրների իրավունքները: Մյուս կողմից՝ խնդիրը իհարկե լայն իմաստով «իրավունքն» է: Հայաստանը դիտարկվել է ռուսական գլոբալ քաղաքական «իրավունքների» գոտի, ըստ այդմ՝ որևէ գեոքաղաքական կենտրոն չի դիտարկի Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ծրագիր ֆինանսավորելու հարց: Ըստ այդմ՝ գլխավորն այն է, թե Հայաստանը որքանով է ինքնիշխան: Միայն այդ դեպքում այլ կենտրոնները Հայաստանի հետ պատրաստ կլինեն խոսել նոր ատոմակայանի մասին: Իսկ այն, որ առանց գեոքաղաքական կենտրոնների հետ գործակցության Հայաստանը չունի ատոմակայանի խոշոր ծրագիրն իրականացնելու ինքնաբավ ռեսուրս, անկասկած է: Մյուս կողմից՝ այլ գործընկերները կարևոր են, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցելիս չունենա մոնոպոլ դիրքի առավելություն և ըստ այդմ՝ հակված լինի հաշվի առնել Հայաստանի մոտեցումները կամ այլ կերպ ասած՝ ունենա Հայաստանում ատոմակայան կառուցելու մրցակիցներ: Արդյոք Տիգրան Ավինյանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցության հանգամանքը բարձրաձայնե՞լ է հենց այլ մրցակիցների համար: Այդ դեպքում, սակայն, անհրաժեշտ է, որ Հայաստանն ուղիղ հայտարարի, որ նոր ատոմակայանի կառուցման գործում պատրաստ է աշխատել բոլորի հետ, ում կհետաքրքրի Հայաստանի այդ մտադրությունը: