Սոցապ ծառայությունում անառողջ մթնոլորտ է․ Զարուհի Բաթոյանը տեղյակ է միջանձնային խնդիրներից

Երեկ՝ հուլիսի 16-ին, նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը: Անդրադառնալով իրեն աշխատանքից ազատելու հիմնավորումներին՝ Արսեն Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ծառայության պետը բավարարված չէ իմ աշխատանքով, որի հիման վրա զեկուցագիր է ներկայացրել նախարար Զարուհի Բաթոյանին, իսկ նախարարն էլ այն չբավարարելու որևէ պատճառ չի տեսել»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը նախարարին տեղեկացրել է ծառայությունում առկա խնդիրների մասին. «Իսկ խնդիրը հետևյալն էր. նոր պետ Սուրեն Ղամբարյանի գալուց հետո ծառայությունում կամաց-կամաց խնդիրներ առաջացան նրա և մի շարք աշխատակիցների միջև, այդ թվում՝ նաև իմ: Բացի այդ՝ ծառայությունում հաստատվում էր անառողջ մթնոլորտ: Խնդիրը բարձրացրել եմ Զարուհի Բաթոյանի մոտ՝ ասելով, որ նրա հետ միջանձնային խնդիրներ կան, և նա ամենայն հավանականությամբ չի ուզում աշխատել ինձ հետ: Տիկին Բաթոյանը դա ի գիտություն է ընդունել, սակայն որևէ էական ազդեցություն կամ փոփոխություն գոնե ես չեմ տեսել»: Արսեն Օհանյանը ընդգծեց՝ նոր պետի գալուց հետո ծառայությունում ստեղծվել է անառողջ, ոչ աշխատանքային մթնոլորտ. «Կոնֆլիկտների հիմնական պատճառն այն էր, որ պարոն Ղամբարյանը ցանկանում էր, որ մյուսներն աշխատեն իր ոճով՝ ընկնեն աշխատողների հետևից, նրանց վրա հավաքեն կոմպրոմատներ»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: