Բակո Սահակյանի պատասխանը. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ Ստեփանակերտում

Բակո Սահակյանի պատասխանը. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ Ստեփանակերտում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի ԱԽ քարտուղար, ԱԱԾ նախկին պետ, Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախում տեղի ունեցած հանրային ակցիաներից հետո պաշտոնանկ եղած Արշավիր Ղարամյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ տեղի է ունեցել քննարկում անվտանգային թեմաներով, հայկական երկու պետությունների անվտանգության հարցերի առնչությամբ: Խորքային առումով, սակայն, հատկանշական է այն, որ Արմեն Գրիգորյանն Արցախ է այցելում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցից հետո: Սա հիմք է տալիս եզրակացության, որ ԱԽ քարտուղարի այցը կարող է զգալիորեն պայմանավորված լինել անվտանգության, այսպես ասած, ներքին կամ այլ կերպ ասած՝ ներքաղաքական գործոններով, որովհետև արտաքին քաղաքական մասը թերևս սպառած կլինի Զոհրաբ Մնացականյանը, իսկ ռազմական մասը կլիներ պաշտպանության նախարարի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցի առիթ: Միևնույն ժամանակ ներքին, ներքաղաքական ասպեկտները ներկայումս Արցախի դեպքում մի կողմից՝ դարձել են հարաբերական, իսկ մյուս կողմից՝ էլ դրանք իրենց բնույթով և փուլային նշանակությամբ ամենևին պակաս անվտանգային բաղադրիչ չեն, որքան արտաքին քաղաքական-դիվանագիտական ասպեկտը կամ զուտ ռազմական-պաշտպանականը: Բանն այն է, որ Արցախում բավականին թեժ ընթացք է ստացել նախագահի ընտրության համար պայքարը, ու դա՝ դեռ, այսպես ասած, նախապայքարային կամ նախանախընտրական փուլում: Ինտրիգը կամ ինտրիգային ուղղությունները բավականին հայտնի են՝ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, բայց նաև անկասկած սա ավելի լայն շրջանակի, այսպես ասած, խտացված «մենամարտն» է, որովհետև ավելի լայն առումով առկա է շատ ավելի բարդ գործընթաց՝ թե՛ Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թևերի, թե՛ նաև ռուսական տնտեսաքաղաքական թևերի ներգրավումով, ընդհուպ էմիսարների ժամանում Արցախ և ռուսական բացահայտ քարոզչության իրականացում: Այս հանգամանքը ունի երկու հիմնական թիրախ: Մեկը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն է, որը խոշոր հաշվով տարածաշրջանում բազմամիլիարդանոց եկամտաբերությամբ խաղից դուրս է թողնում ոչ միայն Հայաստանի իշխող համակարգը, այլ նաև դրա ռուսաստանյան հովանի հանդիսացող իշխանական և իշխանամերձ շրջանակներ Մոսկվայից, որոնք բավականին լավ հարաբերության և փոխըմբռնման ռեժիմում են նաև Անկարայի և Բաքվի հետ: Մյուս թիրախն առաջինի համատեքստում այն միջավայրի ձևավորումն է, երբ ռեգիոնում դարձյալ կակտուալացվի պատերազմի վտանգը, ինչը հենց միլիարդների գեներացիայի առանցքային գործոններից մեկն է, այն ֆոնին, երբ Բաքուն հայտարարում է պատերազմի միջազգային արգելքի մասին: Արցախի նախագահի ընտրությունը խոշոր հաշվով պետք է պատասխանի այդ հարցին, մասնավորապես այդ ընտրության գլխավոր պատասխանատու Բակո Սահակյանը: