Հաղթական քարտը Վարդան Մինասյանի ձեռքում է, բայց․․․ Ինչ է պետք պատմական հաջողության համար

Հաղթական քարտը Վարդան Մինասյանի ձեռքում է, բայց․․․ Ինչ է պետք պատմական հաջողության համար

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Երևանում կայացած առաջին մրցավեճում մեր թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով: Ու չնայած դիմակայությունից առաջ բուքմեյքերներն ու որոշ մասնագետներ «Արարատ-Արմենիայի» հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները բավական ցածր էին գնահատում, այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի չեմպիոնն ունի իրական հնարավորություն հեղինակավոր մրցաշարում պայքարը շարունակելու: Վերլուծելով առաջին հանդիպումը՝ կարող ենք արձանագրել հետևյալը. «Արարատ-Արմենիան» հաղթեց ԱԻԿ-ին, հաղթեց Վարդան Մինասյանի ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում: Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպանները չէին կորցնում դիրքը, ինչը նման մրցակցի հետ պայքարում շատ կարևոր էր: Մեր թիմը հաճախ էր գրոհը զարգացնում երկար փոխանցումներով, ինչը անակնկալ էր թե՛ երկրպագուների և թե՛ շվեդական թիմի համար: Այս կերպ Մինասյանը ամուր պահեց մեր թիմի թիկունքը, ինչպես նաև թույլ չտվեց, որ ֆուտբոլիստները շուտ հոգնեն և խաղավարտին լուրջ խնդիրներ ունենան: Նշենք, որ Հայաստանի առաջնության ավարտից հետո «Արարատ Արմենիայի» ֆուտբոլիստները թե՛ ֆիզիկապես և թե՛ ֆունկցիոնալ պատրաստվածության առումով իդեալական վիճակում չէին: Այսօր շատերը ափսոսանք են հայտնում, որ «Արարատ-Արմենիան» չհաղթեց համոզիչ հաշվով, ինչը թույլ կտար պատասխան հանդիպումից մեծացնել հնարավորությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլ դուրս գալու: Նշվում էր, որ մրցակիցը 10 հոգով էր և կարելի էր հեշտությամբ օգտագործել քանակական առավելությունը: Այո, կարելի էր ռիսկի դիմել և փորձել երրորդ գնդակը խփել, բայց այդ դեպքում կմեծանար նաև երկրորդ գոլը բաց թողնելու վտանգը: Մրցակցի ֆուտբոլիստները, որոնց կատարողական վարպետությունը շատ ավելի բարձր է, անհամբեր սպասում էին, թե երբ են «Արարատ-Արմենիայի» պաշտպանությունում տարածություններ առաջանալու: Ստեղծված իրավիճակում ևս Վարդան Մինասյանը ճիշտ կողմնորոշվեց և ֆուտբոլիստներին չհրահանգեց մեծ ուժերով և կարճ փոխանցումներով գրոհել: Վստահաբար կարելի է ասել, որ Մինասյանի մարտավարությունը քանդեց ԱԻԿ-ի գլխավոր մարզչի նախագծած պլանը, և պատասխան հանդիպումից առաջ լարվածությունը հասավ գագաթնակետին: Հիմա Վարդան Մինասյանի առաջ այլ խնդիր է դրված, որը, կարծում ենք, մարտավարության տեսանկյունից ավելի հարմար և նույնիսկ հոգեհարազատ է այս մասնագետի համար: Հիշենք, թե ինչպես էր տարիներ առաջ խաղում Հայաստանի ազգային հավաքականը Մինասյանի գլխավորությամբ: Կար շրջան, երբ մեր ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ փայլուն հաղթանակներ էին տանում, իսկ Երևանում կանգնում խնդիրների առաջ: Ավելի ստույգ՝ Մինասյանի մոտ բավական արդյունավետ էր աշխատում երկրորդ համարով, այսինքն՝ հակագրոհներով խաղալու մարտավարությունը: Վաղը ԱԻԿ-ը հենց հանդիպման մեկնարկից գրոհելու է մեծ ուժերով՝ փորձելով առավելություն ստանալ: Մեր թիմն ունի լավ հնարավորություն օգտագործելու մրցակցի կիսադաշտում առաջացած տարածությունները: «Արարատ-Արմենիայի» կազմում կան արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնք կարող են տոն տալ առջևի գծում: Հայաստանի չեմպիոնի պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը ևս վատ վիճակում չէ: Շատ կարևոր է մեկնարկային առաջին 15 րոպեներին գնդակ բաց չթողնելը, ինչը կմեծացնի մեր հնարավորությունները վերջնական հաղթանակի հասնելու գործում: Հիշենք Սլովակիայի հավաքականի հետ հայտնի հանդիպումը: Առաջին կեսում մերոնք դիմացան ճնշմանը, իսկ երկրորդ կեսում հակագրոհների օգնությամբ, օգտագործելով մրցակցի պաշտպանությունում առաջացած ազատ գոտիները, ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարան: Առաջիկա խաղում մեզ համար գլխավոր խնդիրը թերևս ստանդարտ դիրքերն են: Պետք է ընդունենք, որ առաջին խաղում շվեդական թիմն այնուամենայնիվ օգտագործեց իր զենքը, որն է հենց ստանդարտ դիրքերի արդյունավետ խաղարկումը: Հենց անկյունայինից շվեդական թիմը խփեց պատասխան գնդակը: Ընդունենք նաև, որ ստանդարտ դիրքերի ժամանակ մեր պաշտպանությունում լուրջ խնդիրներ էին առաջանում: Պատասխան հանդիպումից առաջ Մինասյանի առաջնային հարցերից է ստանդարտների ժամանակ պաշտպանների խաղը համակարգելը: Ինչևէ, պատասխան խաղում ևս բուքմեյքերները չեն հավատում «Արարատ-Արմենիայի» հաջողությանը: ԱԻԿ-ի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․16 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 7․40, իսկ Հայաստանի չեմպիոնի հաղթանակը՝ 16 գործակից: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հաստատումից հետո Հայաստանի չեմպիոններից և ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Ժամանակին «Ալաշկերտը» հաղթահարել է ՉԼ-ի նախնական փուլը, իսկ որակավորման առաջին փուլում ձախողվել է: Ուստի «Արարատ-Արմենիան» ունի հնարավորություն վաղը պատմական հաջողություն գրանցելու: