Դուխով տղերքի պայքարը. Իսպանիայից կրած պարտության հակառակ կողմը

Դուխով տղերքի պայքարը. Իսպանիայից կրած պարտության հակառակ կողմը

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին խաղում Հայաստանի հավաքականը խոշոր՝ 1:4 հաշվով զիջեց Իսպանիային: Մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ, բայց… Անկախ նրանից, թե մրցակիցն ով է և ինչ կարգ ունի, պարտությունը ցավալի է: Երկրպագուները գալով մարզադաշտ՝ ակնկալում են հաղթանակ, և եթե իրենց սիրելի թիմը պարտվում է, հուսահատության ալիք է բարձրանում: Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը մահվան խմբում է, և պետք է ընդունենք, որ առաջին կամ երկրորդ հորիզոնականը գրավելու հնարավորություն ուղղակի չունենք: Վերջին շրջանում մեծ աշխատանքներ էին տարվել Հայաստանի հավաքականն ուժեղացնելու համար, բայց երեկ համոզվեցինք, որ դեռևս պատրաստ չենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում կռիվ տալու Իսպանիայի մակարդակի հավաքականի հետ: Սա միանգամայն նորմալ է: Տասնամյակների ընթացքում Իսպանիայում ձևավորվել է ֆուտբոլային մոդել, որի մաս են կազմում տարբեր տարիքային հավաքականները: Իսկ մե՞նք… Անկախությունից հետո մեր մանկապատանեկան ֆուտբոլը շարունակ անկում է ապրել՝ հասնելով անդունդին: Եվ նույնիսկ այս վիճակում մեր հավաքականի տղաները Իսպանիային դիմադրեցին: Մերոնց հաջողվեց հավասարեցնել հաշիվը, և թվում էր, թե հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել: Նվիրվածությամբ, ձգտումով, «դուխով» մենք ոչ միայն չզիջեցինք մրցակցին, այլև գերազանցեցինք: Մերոնք հավատում էին, որ հնարավոր է պայքարել աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ: Երեկվա խաղում որոշիչ եղավ մրցակցի որակական առավելությունը, ասել է թե՝ գլխից բարձր չես ցատկի: «Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Մենք պետք է իրատես լինենք. նրանք դժվարություններ ունեցան, բայց թիմը կարողացավ խաղալ: Հայաստանի հավաքականը բավականին մրցունակ է: Այսպիսի մեկնարկը միշտ էլ լավ է: Մեր մրցակիցը դժվարություններ առաջացրեց, բայց կարողացանք լուծել մեր խնդիրներն ու հաղթել: Սա դժվար խաղ էր: Սա մեզ հնարավորություն կտա հաջորդ խաղերին պատրաստվել ավելի լավ»,- խաղից հետո ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Գորդոն: Վերջինիս խոսքերը օբյեկտիվորեն նկարագրում են Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակը: Չնայած ցավալի պարտությանը՝ պետք է արձանագրենք, որ մեր պատանեկան հավաքականն այնուամենայնիվ քայլ առաջ կատարել է: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստները ավելի հաջող խաղ կցուցադրեն: «...Մենք պարզապես զիջեցինք: Պլանավորված էր այնպես, որ եզրափակիչ փոխանցումների ժամանակ պետք է այնպես լիներ, որ երկրորդ ֆուտբոլիստը գար օգնության, ինչը պարզապես չստացվեց»,- խաղից հետո նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Նրա կարծիքով՝ կիսապաշտպանության գծում Հայաստանի հավաքականը լավ չէր գործում և չէր վերահսկում խաղը: «Սա մեր հավաքականի առավելագույնը չէր, թիմը կարող է ավելին անել: Իսպանիայի ընտրանին ամենահզոր թիմերից մեկն է: Տղաներն ամեն ինչ փորձեցին, բայց փորձի պակասն ակնհայտ էր»,- նշել էր մարզիչը: Այո, Հայաստանի հավաքականի խաղում բացթողումներն ու սխալները բավական շատ էին, բայց կարծում ենք՝ դրանք որոշիչ չէին պարտության մեջ: Ուշադրություն դարձնենք նաև մի կարևոր հանգամանքի. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին անգամ էին խաղում նման մթնոլորտում: Մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ մեր հավաքականին երկրպագելու էր երեկ մոտ 10 հազար երկրպագու: Մեր հավաքականի դարպասապահ Հարություն Մելքոնյանը երկրպագուներին շնորհակալություն հայտնելու հետ մեկտեղ ներողություն է խնդրել պարտության համար: «Հանդիպման սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, և բոլորը համոզվեցին, որ Իսպանիայի դեմ էլ կարելի է պայքարել: Բնականաբար դաշտ էինք դուրս եկել միայն հաղթանակի համար, բայց խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար։ Եղան սխալներ, որոնցից մրցակիցը օգտվեց և երեք միավոր վաստակեց: Ցավում ենք արդյունքի համար, ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Խնդրում ենք՝ հաջորդ խաղերին էլ ներկա գտնվեն ու աջակցեն մեզ մարզադաշտից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում զգում է երկրպագուի աջակցության կարիքը: Շատ լավ էի տրամադրված թե՛ սկզբում, թե՛ մինչև վերջ։ Ինչպես իմ, այնպես էլ ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Սա թիմային խաղ է: Կրկին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար ու ցանկանում, որ հաջորդ երկու խաղերում ևս լինեն մեր կողքին։ Ամեն ինչ կանենք, որ հաջող անցկացնենք մնացած երկու խաղերը»,- նշել է Հայաստանի հավաքականի դարպասապահը: Ինչևէ, նշենք, որ մեր խմբի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով առավելության է հասել Իտալիայի նկատմամբ: A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):