Նոր իրավիճակ՝ թուրքական թիմում. «Բեշիկթաշի» հույսն Օզբիլի՞սն է

Նոր իրավիճակ՝ թուրքական թիմում. «Բեշիկթաշի» հույսն Օզբիլի՞սն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Ստամբուլ և գալիք մրցաշրջանում կխաղա «Բեշիկթաշում»: Մեր ֆուտբոլիստը բուժզննում է անցել թուրքական ակումբում և միացել ուսումնամարզական հավաքին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Բեշիքթաշի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ և մտադիր է հնարավորություն տալ նրան: Ավելի վաղ Haberler պարբերականը գրել էր, որ Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը, որը 2016 թվականին էր 4 տարվա պայմանագիր կնքել «Բեշիկթաշի» հետ, մեկ տարով երկարաձգել է այն։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։ Այս տեղեկությունը շատերի համար ոչ միայն անակնկալ էր, այլև պարադոքսալ: Թուրքական ակումբում Արաս Օզբիլիսի տրանսֆերը համարվում էր ամենաանհաջողներից մեկը: «Բեշիկթաշն» ըստ էության խաղալու հնարավորություն չէր տալիս մեր կիսապաշտպանին՝ շարունակ վարձավճարով տրամադրելով այլ թիմերին: Օզբիլիսի վերջին ակումբը հոլանդական «Վիլլեմ-2»-ն էր, որտեղ հայ ֆուտբոլիստը վատ չէր խաղում, սակայն հայտնի միջադեպից հետո հեռացավ: Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրից հետո Օզբիլիսը տեղափոխվել էր «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: Կողմերը հանգել էին այն եզրակացության, որ իրավիճակի միակ լուծումը պայմանագրի խզումն է: Թվում էր, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օզբիլիսը կխզի պայմանագիրը նաև թուրքական թիմի հետ և կարիերան կշարունակի նոր ակումբում, բայց… Ըստ թուրքական աղբյուրների՝ Օզբիլիսի պայմանագրի երկարաձգումը և թիմին միանալը պայմանավորված են Թուրքիայում հեղինակություն վայելող մասնագետ՝ նախկին գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշի հեռանալով: Այս տարվա մարտի սկզբին 67-ամյա Գյունեշը երկրորդ անգամ գլխավորց Թուրքիայի ազգային հավաքականը: Գյունեշի գլխավորությամբ հարևան երկրի ազգային թիմը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ 2002 թվականին դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ու հիմա Թուրքիայում հույս ունեն, որ Գյունեշի օգնությամբ ազգային հավաքականը նոր բարձունքներ կնվաճի: «Բեշիկթաշում» Գյունեշն աշխատել է 2015-2019 թվականներին: Այս ընթացքում թուրքական մամուլը շարունակ իր վրդովմունքն էր հայտնում, որ Գյունեշը խաղից դուրս վիճակում է թողնում հայ ֆուտբոլիստին: «Օզբիլիսի համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո վճարեց Մոսկվայի «Սպարտակին», սակայն հայ ֆուտբոլիստին չէր տրվում հնարավորություն իր տեղը գտնելու թիմի հիմնական կազմում: Օզբիլիսը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, ով փայլուն ելույթ է ունեցել Ամստերդամի «Այաքսում» և ռուսական թիմերում: Եթե «Բեշիկթաշը» չէր զգում նրա կարիքը, ապա ինչո՞ւ այդքան գումար ծախսվեց, որ 29-ամյա Օզբիլիսը վերջնականապես զրկվի՞ խաղային պրակտիկայից»,- գրել էր «Fanatik» պարբերականը: Հիշեցնենք, որ «Բեշիկթաշ» տեղափոխվելուն պես՝ թուրքական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրեց իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որտեղ մեր ֆուտբոլիստն անցկացրեց ընդամենը երեք հանդիպում: Վերադառնալով Ստամբուլ՝ թվում էր, թե Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ թիմ կտեղափոխվի: Նրա ծառայությունով հետաքրքրված էին մի շարք թուրքական թիմեր, ինչպես նաև նույն «Վիլլեմ 2»-ը: Վերջինի հետ Օզբիլիսը մոտ էր պայմանագիր կնքելուն, սակայն վերջին պահին գործարքը տեղի չունեցավ: Անցյալ տարվա հունվարին Շենոլ Գյունեշը մեր ֆուտբոլիստին թիմի հիմնական կազմում հնարավորություն էր տվել մասնակցելու Թուրքիայի գավաթի խաղարկության հանդիպումներին: Թվում էր, թե «Բեշիկթաշի» մարզչական շտաբն, այնուամենայնիվ, սկսել է վստահել Օզբիլիսին, զգում է նրա կարիքն ու այդ իսկ պատճառով թույլ չի տալիս, որ այլ թիմ տեղափոխվի: Բայց Թուրքիայի առաջնության մեկնարկին պես ՀՀ հավաքականի խաղացողը շարունակ դուրս է մնում թիմի հայտացուցակից: Տպավորությունն այնպիսին էր, որ թուրքական ակումբն ամեն ինչ անում է Օզբիլիսի կարիերան փչացնելու համար: Այդ ժամանակ էլ մամուլում եղան հրապարակումներ, որոնց համաձայն՝ Գյունեշի և Օզբիլիսի հարաբերությունները լարվել էին: Կարծիքներ էին հնչում նաև, որ Գյունեշն ուղղակի չի ընդունում Օզբիլիսի խաղային որակները: «Բեշիկթաշի» ղեկավարությունը, սակայն, շարունակել և շարունակում է Օզբիլիսի հետ հույսեր կապել, այդ իսկ պատճառով նոր պայմանագիր է առաջարկել նրան: Գյունեշի կոշտ դիրքորոշումը և հեղինակությունն այս ընթացքում թույլ չեն տվել «Բեշիկթաշի» ղեկավարներին Օզբիլիսի խաղալու հարցում ընդհանուր հայտարարի գալ, իսկ հիմա Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի համար կարծես նոր հորիզոն է բացվել, ասել է թե՝ թուրքական թիմում իրավիճակ է փոխվել: «Բեշիկթաշը» բարձրակարգ ակումբ է, և եթե Օզբիլիսին հաջողվի ամրապնդվել այս թիմի հիմնական կազմում, դա կլինի լուրջ քայլ նրա կարիերայում: