Սա ռումբ է, որ դրվում է ՀՀ դատական իշխանության տակ. Վեթինգը համախոհություն է պահանջում. Բաբաջանյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց. «Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքացիական հասարակության միավորումը՝ Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների խորհուրդը քիչ առաջ ձեզ է դիմել և հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ այս կարգավորումները և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումները և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ»: Կանգ առնելով վեթինգի վրա և նշելով, որ այն անցումային արդարադատության գործիք է, Արման Բաբաջանյանն ասաց. «Բայց մենք չենք քննարկել անցումային արդարադատության հայեցակարգը: Եվ առանց դա անելու՝ արդեն այս մարմնին ենք պատվիրակում վեթինգի իրագործումը. սա անթույլատրելի է: Վեթինգը և անցումային արդարադատությունը համախոհություն են պահանջում առնվազն ԱԺ-ում: Եվ եթե Ազգային ժողովի քաղաքական ուժերը չունեն համախոհություն, դա ռումբ է, որ դրվում է Հայաստանի դատական իշխանության տակ: Սա անթույլատրելի է»:   Մանրամասները՝ տեսանյութում: