Ռոբերտ Քոչարյանի օգնության կոչը. ի՞նչ ուժեր կգտնվեն

Ռոբերտ Քոչարյանի օգնության կոչը. ի՞նչ ուժեր կգտնվեն

Հունիսի 24-ին տված հեռուստահարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք ունի վերստին իշխանություն լինելու ցանկություն: նա հայտարարեց, որ, եթե լինեն նոր, առավել ասելիք ունեցող, առավել մեծ գիտելիքով երիտասարդներ, ապա ինքն ուրախ կլինի աջակցել նրանց: Ընդ որում, եթե Ռոյթերզին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ փաստացի լինելու է նոր իշխանությանը մարտահրավեր նետելու ունակ միակ ընդդիմությունը, ապա այժմ նա դրա վերաբերյալ հարցին պատասխանում է, որ ժամանակը ցույց կտա, թե էլ ինչ ուժեր կձևավորվեն: Ռոբերտ Քոչարյանը որոշել է փոխել տակտիկա՞ն, թե՞ մտադրությունն ընդհանրապես և չի հավակնում լինել միակ ընդդիմությունը: Ընդ որում, հատկանշական է, որ դա տեղի է ունենում ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո, որը Հայաստանում բավականին աղմուկ բարձրացրեց և որին հաջորդեցին թե դեսպանատան հայտնի պարզաբանումը, թե Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունն աննախադեպ քայլի՝ դեսպանին ներքին գործերի միջամտության համատեքստում զրույցի հրավիրելու մասին: Դեսպա՞նն է փոխել Ռոբերտ Քոչարյանի տակտիկան կամ նպատակադրումը, և այդ փոփոխությունը եղել է ուղղակի՞, թե՞ այդուհանդերձ դեսպանի հետ քննարկումների ազդեցությամբ երկրորդ նախագահը եկել է եզրահանգման, որ Ռուսաստանը պատրաստ չէ բավարար աջակցություն ցուցաբերել նրա քաղաքական ծրագրերին, իսկ առանց այդ աջակցության հնարավոր չէ իրացնել այդ ծրագրերը, որովհետև դրանց հենարանը կարող է լինել երկուսը՝ Ռուսաստան և ֆինանսա-տնտեսական ռեսուրս: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «կոնսենսուս մինուս 1» ֆորմատի մասին: Ընդ որում հատկանշական է, որ նախորդ տասնամյակում այդ ֆորմատի գաղափարի շրջանառությունը ևս եղել է, ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այստեղ հետաքրքիր է, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը «կոնսենսուս մինուս մեկի» ներկայիս շրջանառումով ակամայից չի «մատնում» իրեն, թեև իհարկե խոսել որևէ ֆորմատի հեղինակային իրավունքի մասին, դժվար է: Երկրորդ նախագահն ըստ երևույթին քաղաքական ուժերին առաջարկում է այսպես ասած «կոնսենսուսային ընդդիմության» ֆորմատ, հրաժարվելով իր «հրամանատարության» տարբերակից, որն ակնհայտորեն չարժանացավ քաղաքական արձագանքի: Ավելին, գործնականում բոլորը հայտարարում են, որ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցելու օրակարգ: Այս հայտարարությունները լիովին հասկանալի են՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական կորստաբեր բրենդ է: Քոչարյանը գործնականում առաջարկում է այն մոդելը, որը գործում էր Սերժ Սարգսյանի դեմ ոչիշխանական բեվեռի շրջանում, երբ ինքը դուրս է գալիս հրապարակային դաշտից, մնում է ստվերում: Փաստացի, նա այդ տարբերակն է առաջարկում երիտասարդ ուժերի, թերևս չհավատալով, որ ավելի փորձառուները կգնան այդ ֆորմատի, հատկապես մեկ անգամ անցած լինելով դրանով և կանգնելով խնդիրների առաջ: Խոսքը մասնավորապես ՀՅԴ և ԲՀԿ մասին է: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը գուցե ոչ թե քաղաքական ֆորմատ է առաջարկում, այլ անում է օգնության կոչ՝ քաղաքական առաջնագծից իրեն հետ քաշվելու հնարավորություն տալու կոչ: Դեռևս նախորդ տարի մարտիմեկյան գործով մեղադրվելուց հետո հայտարարելով քաղաքականություն վերադառնալու մասին, Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր այդ հանգամանքը դարձնել պաշտպանական կարևոր ամրություն: Սակայն, ընթացքը ցույց տվեց, որ ամրությունն այդքան էլ լավ չի աշխատում, փոխարենը նրան դնում է քաղաքական կարգավիճակի համար պատասխանատվության առաջ: Մինչդեռ, չունենալով դրա համար անհրաժեշտ մի շարք կարևոր ռեսուրսներ ու նախադրյալներ, Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական «ընդդիմադիր» առաջնագծի ըստ էության աննախադեպ կարգավիճակը դառնում է բավականին խնդրահարույց: Կգտնվե՞ն ուժեր, որոնք կարձագանքեն նրա «դիմաց» կանգնելու կոչին: