Մենք «դեմ» կքվեարկենք, որպեսզի դուք շարունակեք ձեր ախորժակը բացել. Սերգեյ Բագրատյանը՝ «Իմ քայլին»

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Օրենքի այս նախագիծը իմիտացիոն՝ ձևական բնույթ ունի, որովհետև որոշումները ընդունելու վրա ընդդիմությունը որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան «Իմ քայլի» խմբակցության պատգամավորի արտահայտության, թե՝ ախորժակը ուտելուց է բացվում, նա ասաց. «Չենք պատրաստվում փորձել ուտել, որ հետո էլ ախորժակ բացվի. դրա համար մենք «դեմ» կքվեարկենք, որպեսզի դուք շարունակեք ձեր ախորժակը բացել, և անուշ լինի»: Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի ելույթին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Մենք մեր աչքերը բացել ենք, դուք էլ ձեր ականջները բացեք, որ ընդդիմությանն ականջալուր լինեք: Երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ ենք անելու. եթե իշխանությունը կընդառաջի, մենք սիրով կաշխատենք»:   Մանրամասները՝ տեսանյութում: