Քարեր, որ կարող են գալ Հայաստանի վրա. չորսին պետք է հիշեցնել մեր մասին

Քարեր, որ կարող են գալ Հայաստանի վրա. չորսին պետք է հիշեցնել մեր մասին

Վրաստանը չի հանդարտվում, բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները պահանջում են խորհրդարանի արտահերթ ընտրություն, իսկ Ռուսաստանը դիմում է կոշտ քայլերի, հայտարարելով ավիաչվերթերը արգելելու մասին՝ Պուտինի հրամանագրով: Հայաստանում ուշադրությամբ հետևում են և հաշվում օգուտներն ու վնասները: Օրինակ, հանրության մի ստվար մաս գնահատում է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի արգելակումը կբարձրացնի Հայաստանի տարանցիկ հնարավորությունը, քանի որ Վրաստան հանգստի մեկնող ռուսները Երևանով կայցելեն: Այդպիսով, նրանք նաև Հայաստանում կլինեն, ինչը տարանցումից բացի, Հայաստան զբոսաշրջային այցելությունը կավելացնի: Այդ հաշվարկներն անշուշտ ունեն հիմք: Ավելին, Ջեորջիան Էյրվեյս վրացական ավիափոխադրողը հայտարարել է, որ հուլիսի 8-ից կկազմակերպի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթեր: Ըստ տարբեր հաշվարկների, Վրաստանը կարող է զրկվել մոտ 200 հազար կամ ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկից: Ասել, թե նրանք ինքնաբերաբար դառնալու են Հայաստանի զբոսաշրջային հաճախորդ, կարող է բավականին պարզունակ հաշվարկ ստացվել, սակայն, որ հնարավորություն կա աշխատել նրանց Հայաստան ներգրավելու ուղղությամբ, թեկուզ նաև տարանցիկ Վրաստանի հանգամանքը օգտագործելով, անկասկած է: Մյուս կողմից, այդ աշխատանքը պետք է լինի բավականին նուրբ, ռուսներին չզայրացնելու՝ այսինքն Մոսկվայի մոտ քաղաքական դժգոհություն չառաջացնելու համար, այսպես ասած «բելառուսական պարմեզանի» էֆեկտ չստանալու համար, մյուս կողմից էլ Վրաստանից զբոսաշրջիկ «չգողանալու» համար: Եվ այսպես մենք հանգում ենք առկա իրավիճակի խնդրահարույց ասպեկտներին, որոնք ևս պետք է հաշվել օգուտների հնարավորությունը հաշվելուց բացի: Բանն այն է, որ Հայաստանի համար ամենևին շահեկան չէ՝ խորքային առումով, երբ լարված հարաբերության մեջ են մեզ համար երկու կարևորագույն նշանակություն ունեցող երկրներ՝ մեր հարևան, բարեկամ, ռազմավարական գործընկեր, իսկ խորքային շահի առումով դաշնակից Վրաստանն ու մեր համար ռազմավարական դաշնակից համարվող, տնտեսական և քաղաքական, անվտանգային ընդհանուր մի շարք կարևոր թելերով կապացված Ռուսաստանը: Երբ նրանք միմյանց վրա քար են նետում, մենք փաստորեն լինելով երկու կողմում էլ, կանգնում ենք վտանգի առաջ, որ քարերը կարող են նաև դիպչել մեզ: Առավել ևս, որ կա առնվազն երկու սուբյեկտ՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեղմ ասած շահագրգռված են, որպեսզի ռուս-վրացական քարերը դիպչեն մեզ և այդ ուղղությամբ նրանք աշխատում են արդեն առնվազն մեկուկես տասնամյակ, փորձելով խաղալ ռուս-վրացական հակամարտության և լարվածության վրա ոչ միայն իրենց շահերը առաջ մղելու համար Վրաստանի ուղղությամբ, այլ նաև Հայաստանի ուղղությամբ խնդիրներ ստեղծելու համար: Միաժամանակ, մենք այդ լարվածության պայմաններում ստիպված ենք թե Թբիլիսիի, թե Մոսկվայի հետ աշխատել որոշակի էքստրեմալ, արտառոց, նոր ռեժիմով: Իսկ այդ ռեժիմի պայմաններում նրանց մոտ առկա իրավիճակը, այսինքն նրանք են դառնում թելադրող, այն պայմաններում, երբ Երևանը գործնականում չունի նրանց ներկայացնելիք պայման: Սա իհարկե ավելորդ բեռ է, որ ընկնում է Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանության վրա: Հաշվի առնելով նաև այն, որ հարավում էլ մենք ունենք համանման իրավիճակ՝ լարվածության մեջ են մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ևս երկու գործընկեր և բարեկամ սուբյեկտ՝ Իրանն ու ԱՄՆ-ն: Իրավիճակը անշուշտ կրիտիկական չէ, սակայն մեզանից պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ, եթե կրի «կայուն» և «զարգացող» բնույթ: Մյուս կողմից, այստեղ կա մի հանգամանք, կապված Հայաստանի հետ: Վերջին հաշվով, խեղդվող Հայաստանը խորքային առումով խնդրահարույց է բոլոր չորս սուբյեկտների համար, որոնք «լարվածության տանդեմներ» են «ձևավորել» մեր շուրջ: Իհարկե, «խեղդվողների փրկության գործը առաջին հերթին հենց իրենց ձեռքի գործն է», սակայն մենք այդ գործի շրջանակում պետք է սկզբունքորեն նաև այդ իրողության հիմքով աշխատենք մեր չորս կարևոր գործընկերների հետ, նրանց թեժ հակադրության բովում հանկարծ չանտեսվելու և մուրճի ու սալի արանքում չմնալու համար: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի