Փաշինյանը նոր հասկացավ, որ Արցախի իշխանությունները հակահեղափոխության կենտրոն են․ նրանք համախմբում են իրենց շուրջը հին ռեժիմին

Փաշինյանը նոր հասկացավ, որ Արցախի իշխանությունները հակահեղափոխության կենտրոն են․ նրանք համախմբում են իրենց շուրջը հին ռեժիմին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։ -Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը։ Քննադատություններ են հնչում, թե Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին դարձյալ որևէ հիշատակում չկա։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։ -Այստեղ հարցն այն է, որ նրանք կոչ են անում, որ դիպուկահարները չկրակեն, զերծ մնան զոհերից, բայց հենց իրենք՝ համանախագահների ներկայացուցիչներն են խախտել Վիեննայի համաձայնագիրը, քանի որ նրանք առաջնագծում տեսախցիկներ պետք է տեղադրեին, որպեսզի տեսնեին, թե ովքեր են խախտողները։ Ինչո՞ւ չեն արել․․․ չեն արել, քանի որ ադրբեջանական կողմը համաձայն չէր, իրենք էլ չեն տեղադրել, բայց պարզ է չէ՞, որ նա ով գող է, չի համաձայնվի, որ տեսախցիկը դրվի։ Ամեն դեպքում ես այդ հայտարարությունը համարում եմ վերջին 25 տարիների հանդիպումներից մեկը։ Ես ցավում եմ, որ ներկա իշխանությունները շարունակում են հին իշխանությունների ձևով՝ մադրիդյան սկզբունքների ենթատեքստում հարցի լուծմանը նայել։ Մինչդեռ հեղափոխությունից հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ էին հեղափոխության շնչով առաջնորդվելու և հարցին նոր լուծումներ գտնելու, ինչը, ցավոք, չեղավ։ Դա այն է, որ նոր կառավարության կողմից պետք էր լիներ հստակ գնահատական Արցախի հիմնահարցի և դրա վերաբերյալ ՀՀ նախորդ իշխանությունների բռնած դիրքին, որովհետև հիմքում ընկած էր փոխզիջումը, սակայն ՀՀ իշխանությունները որևէ փոխզիջում չեն ընդունել, և ամբողջ մադրիդյան սկզբունքն իրենք ներկայացնում են ոչ միայն զիջում, այլ պարտվողականություն, հանձնում և այլն։ Եվ պետք էր հեղափոխության տրամաբանության շրջանակներում ոչ միայն քաղաքական գնահատական տային, այլ պատժվեին քաղաքական առաջին դեմքերը՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, պետք է պատասխան տային, որ ինքնըստինքյան պարզ դառնար եռանախագահներին, որ պետք է հարցին նոր լուծում տրվի։ Հիմքում ընկած է վստահությունը, որ պետք է կողմերը վստահեին իրար։ Բայց նոր իշխանությունները նույնությամբ շարունակում են և չեն մատնանշում 2016-ի ապրիլին այն դեպքը, երբ ադրբեջանցի զինվորը ազգությամբ հայ զինվոր է տեսել և անմիջապես սպանել և խոշտանգել է նրան։ Ի՞նչ փոխվստահության մասին կարելի է խոսել և ո՞րն է այդ փոխվստահությունը քսան տարի անց։ Սուտ է դա, և չկա փոխվստահություն, և Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեին։ Արցախի հարցի ճիշտ լուծման հետ կախված, և որևէ մեկը ճիշտ լուծում չի տալիս, սրանք պարտվողական լուծումներ են, և ես հույս ունեմ, որ հարցը կսկսվի Արցախից։ Առաջիկա ընտրություններին Արցախի ղեկավարությունը ԱԺ-ի և Արցախի նախագահի պաշտոնում կընտրվեն նոր ուժեր, հները կժխտվեն, և համոզված եմ, որ Արղախից էլ կսկսվի ամեն ինչ։ Արցախի ժողովրդի կողմից ընտրված ժողովրդական անձը, քաղաքական ուժը հետամուտ կլինի այս հարցերի շարանի տրամաբանական լուծման։ -Կարծում եք՝ նոր ուժե՞ր կձևավորվեն Արցախի ընտրություններից առաջ։ -Համոզված եմ, որովհետև ներկա թեկնածուներից որևէ մեկը, որ հիմա շրջանառվում է, անցողիկ չեն լինելու և նրանք իրավունք էլ չունեն մասնակցել ընտրություններին, որովհետև արդեն կարգը խախտել են և քարոզչություն են իրականացրել։ Բացի դրանից Արցախի ժողովուրդը նոր ուժերի է սատարելու և նոր ուժեր են հանդես գալու։ -Արայիկ Հարությունյանը կարծեք թե աջակցություն ունի Հայաստանի իշխանության կողմից։ Նա, ում կաջակցի ՀՀ իշխանությունը, ավելի մեծ շանս չի ունենա՞ ընտրվելու։ -Իհարկե, շանս կունենան այն ուժերը, որոնց ՀՀ իշխանությունները կաջակցեն, սակայն դա կդառնա միջամտություն Արցախի ընտրություններին։ Կստացվի, որ Հայաստանի իշխանությունները կհակասեն իրենք իրենց։ Համոզված եմ, չնայած ՀՀ իշխանությունների բազմաթիվ սխալներին, գոնե այս հարցում նրանք կթողնեն Արցախում ազատ ընտրություններ։ -«Հայաստան» հիմնադրամի խորհրդի նիստի հանդիպման ժամանակ այդպես էլ Հայաստանի և Արցախի ղեկավարները որևէ բառ չեն փոխանակել։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Արդյոք Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում առկա ճգնաժամն ավելի՞ է խորանում։ -Այո՛, բնական է, որ լինելու է այդ լարվածությունը, քանի որ Արցախի իշխանությունները, ինչպես միշտ ասել եմ, հակահեղափոխության կենտրոն են, բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը նոր հասկացավ, որ հակահեղափոխության կենտրոն են հանդիսացել և համախմբում են իրենց շուրջը հին ռեժիմի ներկայացուցիչներին։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից հետո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Արցախի իշխանությունները, իրոք, հակահեղափոխության կենտրոն են և շարունակում են քայքայիչ և պառակտիչ քաղաքականությունը։