Հայաստանում ՌԴ դեսպանը՝ պերսոնա նոն գրատա՞

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ պերսոնա նոն գրատա՞

Արդեն չորս օր է՝ Վրաստանում շարունակվում են զանգվածային ակցիաները, որոնք սկսվել են այդ երկրում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի ունեցած ելույթի հետևանքով։ Շեշտված արտաքին քաղաքական համատեքստ ունեցող հուզումների օրակարգում հայտնվել են ներքաղաքական խնդիրներ, ինչը թերևս շատ հեշտ բացատրելի է, որովհետև ժամանակակից աշխարհում դժվար է գծել ներքին ու արտաքին քաղաքականության սահմանագիծը։ Երեկ վրացական խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին անգամ հնչեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, ինչը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ հարևան երկրում կարող են տեղի ունենալ հեղափոխական զարգացումներ, այլ խոսքով՝ զուգահեռներ են անցկացվում հայկական թավշյա հեղափոխության հետ։ Իհարկե, քաղաքականության մեջ մեխանիկական զուգահեռներ անցկացնելը պարզունակ է, ու յուրաքանչյուր գործընթաց ունի իր առանձնահատկությունները։ Մյուս կողմից՝ գլոբալացող աշխարհում նույնիսկ տարբեր երկրներում ընթացող ներքաղաքական գործընթացներն ունեն ընդհանուր տրամաբանություն։ Այսպես կոչված՝ պոպուլիզմի թրենդը, որը նկատելի էր բրիտանական Բրեքզիթի հաղթանակից հետո ու դրսևորվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ Դոնալդ Թրամփի, իսկ Ֆրանսիայում՝ Էմանուել Մակրոնի հաղթանակներով, իր դրսևորումը գտավ նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ժամանակ։ «Ապաքաղաքականացման» այդ միտումը նկատելի է նաև Վրաստանում, որտեղ հարթակում քաղաքական գործիչներ չեն, նույնիսկ մարդիկ են, ովքեր մերժում են քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին։ Պատահական չէ, որ Ռուսթավելու պողոտայում հավաքված հազարավոր մարդիկ մերժում են Բիձինա Իվանիշվիլիի թիմին, սակայն սուլում են նաև Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին։ Մյուս կողմից՝ ապակենտրոնացված այս շարժումներն ավելի արդյունավետ են կարողանում փոշիացնել իշխանության ռեսուրսները, որովհետև «վերևները» չեն կարողանում ռեպրեսիվ արդյունավետ միջոցներ կիրառել դրանց դեմ։ Պատահական չէ, որ Վրաստանում չորսօրյա ցույցերը հանգեցրել են խորհրդարանի նախագահի հրաժարականին, ու երեկ բողոքավորներին զորակցել է անգամ երկրի փաստացի ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ռեփեր որդին՝ Բերա Իվանիշվիլին։ Վրացական իրադարձություններում որոշակիորեն նկատելի է «հայկական հետքը», օրինակ՝ ցուցարարները վեր են պարզում բաց ձեռքերը՝ որպես խաղաղ պայքարի խորհրդանիշ, կամ կիրառում են մեքենաների ազդանշանների ակցիան։ Մյուս կողմից՝ վրացական իրադարձությունները որոշակի ազդեցություն են թողնում Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Մասնավորապես՝ Հայաստանում ինքնաբուխ քննարկումներ են մեկնարկել ռուսական ազդեցության, մեր հեղափոխության արտաքին համատեքստի բացակայության, դրա հետևանքների շուրջ։ Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանում կիրառված բանաձևերը հաջողությամբ կարող են կիրառվել Վրաստանում կամ՝ հակառակը, սակայն զանգվածային իրադարձությունները ձևավորում են որոշակի ընդհանուր համատեքստ։ Իհարկե, փաստ չէ, որ օլիգարխ Իվանիշվիլիի թիմն իշխանությունը կհանձնի նույն ճանապարհով, ինչպես Հայաստանում դա արեցին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, մանավանդ՝ չնայած կառավարման լուրջ ճգնաժամին, Վրաստանի իշխանությունը դեռ ունի քաղաքական փակուղին հաղթահարելու ռեսուրսներ։ Նույն տրամաբանությամբ՝ վրացական գործընթացի արտաքին քաղաքական համատեքստը չի կարող հանգեցնել քաղաքական ու հանրային տրամադրությունների որակական փոփոխությունների Հայաստանում, մանավանդ, որ արտաքին քաղաքական հարցերում գրեթե լիակատար կոնսենսուս գոյություն ունի Հայաստանի խորհրդարանում։ Մյուս կողմից՝ վրացական իրադարձությունները մեզանում որոշակի ազդեցություն ունենում են։ Օրինակ՝ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարել Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թույլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Այս նախաձեռնությունը հազիվ թե հնարավոր է պոպուլյար համարել, սակայն միայն այն փաստը, որ դրա շուրջ քաղաքական ու հանրային դիսկուրս է առաջանալու՝ արդեն դրական է։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի