Անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ

Անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ

Քաղաքական տարածության կոնցեպտուալիզացիան ավանդաբար ելնում է այդ տարածության ինքնուրույնության պոստուլատից։ Միշել Ֆուկոն քաղաքականը դիտարկում էր որպես հասարակական կյանքի ամենակարևոր ինքնուրույն ոլորտներից մեկը։ Բացի այդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ միանշանակ սոցիալական կապերն են և դրանից ելնելով քաղաքական ոլորտը չի կարող դիտարկվել որպես ինչ-որ առանձին կղզյակ։ Ֆուկոն նշում է, որ դրանում չկա ոչ մաքուր քաղաքական և ոչ էլ ապաքաղաքական ստրուկտուրաներ։ Արդի քաղաքական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական կոմունիկացիայի զարգացումը անխզելիորեն կապակցված է քաղաքական դիսկուրսի կազմակերպման բարդության հետ։ Ներկայումս քաղաքական տարածության մասին ըստ էության պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ամենայն մանրամասնությամբ վերլուծել դրա սոցիալական ու հոգեբանական առանձնահատկությունները, առանց սոցիոմշակութային գնահատականի հնարավոր չէ իրապես պատկերացում կազմել իրերի դասավորության մասին։ Անցնելով առաջ նշենք, որ քաղաքական միֆի պատմական զարգացման ընթացքը անքակտելիորեն կապակցված է քաղաքականության և քաղաքական դիսկուրսի պատմական ընթացքի հետ։ Այլ խոսքով ասած քաղաքական միֆն ի հայտ է եկել քաղաքականության հետ զուգընթաց։ Փաստորեն միֆը քաղաքականության անբաժանելի և անօտարելի օրգանական մասնիկն է։ Ինչ-որ իմաստով քաղաքական միֆը նաև գիտակցված սուտ է կառավարիչների և ընտրախավի կամ էլ բարձր դասակարգի կողմից հորինված։ Եվ ձևակերպումն այս ամենևին էլ մեղադրական պիտակում չէ, այլ՝ իրերի դասավորության վերաբերյալ հստակ գնահատական, քանի որ միֆը քաղաքական այն բազմաթիվ գործիքներից մեկն է, որի միջոցով քաղաքական գործիչները ստիպված են փոխհարաբերվել զանգվածների հետ։ Ասվածի տրամաբանությունից ելնելով կարելի է պնդել, որ հասարակության զանգվածայնացման գործընթացի հետ զուգընթաց մեծանում է նաև միֆի սպառման պահանջարկը։ Ավելին՝ հանրույթները օր օրի կարիք են զգում նորանոր միֆերի և հաճախ առասպելական մտածողության քաղցը բավարարելու նպատակով զանգվածները բացառիկ նախաձեռնողականություն են դրսևորում միֆաստեղծման գործում։ Ասվածի վառ ապացույցը հայ հանրույթի կողմից նորից վերարժևորված փրկչի միֆն է, որի մարմնավարումը վարչապետ Փաշինյանն է։ Անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ։ Հնարավոր է գնահատականը ծայրահեղական ընկալվի, բայց, այնուամենայնիվ, քաղաքական գործիչներն էլ անկեղծ չեն հանրույթների հետ փոխհարաբերություններում։ Անկեղծության գիտակցված բացակայությունը պաշտպանական գործիք է, որի միջոցով հանրային գործիչները պաշտպանվում են միֆերից։ Սա անխուսափելի վարքագիծ է և բնորոշ հատկապես ժողովրդավարական հանրույթներին, քանի որ ոտքից գլուխ միֆերի մեջ թաղված զանգվածները նաև ընտրողներ են։ Բնական է, որ ռացիոնալ քաղաքական գործչի համար առաջնային են իր բարձր վարկանիշն ու բարի համբավը, որի ապահովման առաջնային գործիքը պոպուլիզմն է։ Փաստորեն քաղաքական ու հանրային գործիչները հաճախ ստիպված են լինում կեղծ կերպարներ ստեղծել ու խոնարհվել քաղաքական միֆերի առջև՝ փաստացի էլ ավելի խորացնելով խնդիրը։ Այսինքն հեղինակավոր գործիչները պոպուլիզմի միջոցով էլ ավելի են ամրապնդում զանգվածների իռացիոնալ առասպելական մտածողությունը։ Օրինակ՝ կարող ենք նկատել, երբ ընտրողների համակրանքը շահելու նպատակով, քաղաքական գործիչները հաճախ ներկայանում են որպես խորը հավատացյալ անհատներ կամ էլ այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորներ։ Սա ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է, նույնիսկ ամենազարգացած հասարակությունները կանգնած են այդ բարդագույն խնդրի առջև։ Եթե առարկայական խոսենք, ապա հատկանշական է հատկապես ԱՄՆ-ի օրինակը, որի նախագահների մի զգալի մասը ընտրություններում հաղթել են նաև կրոնական պոպուլիզմի հաշվին։ Իսկ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը մի առիթով նշել էր, թե աթեիստները չեն կարող իսկական ամերիկացիներ լինել։ Ցավոք սրտի այս արատավոր պրակտիկան տիրապետող է դառնում նաև Հայաստանում, որտեղ նույնպես պարբերաբար առաջնային պլան են մղվում համանման կարգախոսները․ «Ով առաքելական եկեղեցու հետևարոդ չէ, հայ չէ» տրամաբանությամբ։ Եվ խնդիրը չի սահմանափակվում միայն կրոններով, ընդհակառակը՝ այն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Յուրաքանչյուր հասարակություն ունի իր ցավոտ թեմաները, որոնց վերաբերյալ դիսկուրս ծավալելը չափազանց վտանգավոր նախաձեռնություն է։ Եվ հենց այս վտանգավորությունից ելնելով՝ փաստացի քաղաքական գործիչները կյանքի տարբեր բնագավառներում պոպուլիստական դիրքերից ստիպված են կանաչ լույս վառել իռացիոնալ միֆերի տարածման և ամրապնդման համար։ Քչերը կարող են միֆերի դեմ պայքարելու և քաղաքացիներին ճշմարտությունը բացատրելու քաջություն ունենալ։ Բայց պետք է արձանագրենք, որ ժողովրդավարության ամենամեծ առավելությունն այն է, որ դրա մեջ առկա միֆերն իրենց բնույթով կործանարար չեն։ Դրանք վնասարար են, բայց մյուս կողմից էլ նաև՝ վերահսկելի։ Ժովորդավարական համակարգն օժտված է ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս հանրույթներին պարբերաբար ինքնամաքրվել ու առերեսվել իրականության հետ։ Նույնիսկ եթե այդ առերեսումը ակնթարթային է։ Բացի այդ ժողովրդավարական հանրույթում չկա որևէ գերակա միֆի հավիտենական տիրապետություն, ընդհակառակը՝ առկա են համանման մտածողության տարատեսակ դրսևորումներ, որոնք մրցակցում են իրար դեմ։ Մրցակցությունն այդ պայմանականորեն կարելի է անվանել միֆերի դիսկուրս։ Եվ հենց այս դիսկուրսն է, որն արգելակում է հանրության ճահճացումն ու վերջնական դեգրադացումը։ Առաջին միֆը սահուն ընթացքով փոխարինում է երկրորդին, և հարափոփոխ ինչ-որ պայմանական տարածությունում մարդը մտածելու և ընտրելու հնարավորություն է ստանում։ Փաստորեն ժողովրդավարական համակարգում անհատը նաև առանց միֆերի ապրելու ընտրության հնարավորություն ունի։ Հնարավորություն, որը նույնպես միֆ է։ Բայց մի բան հստակ է․ ժողովրդավարական միֆն արդեն վաղուց անցյալում է թողել ֆիզիկական բռնության փոխակերպվելու պրակտիկան։ Բոլորովին այլ իրավիճակ է ավտորիտար և ամբողջատիրական համակարգերում, որտեղ միֆերի դիսկուրսի փոխարեն տիրապետող է մեկ գերագույն միֆի տիրապետությունը, որից էլ ճյուղավորվում են դրա հետ ածանցվող առասպելական մյուս դրսևորումները։ Ի տարբերություն ժողովրդավարության, ավտորիտար և ամբողջատիրական համակարգերը հանրույթներին սահուն ընթացքով առաջնորդում են դեպի անխուսափելի ճահճացում, որին էլ հաջորդում է կազմաքանդումը։ Արժեքային ամբողջատիրությունն ինչ-որ մի օր անխուսափելիորեն պետք է պայթի, քանզի բազմամշակութային տարածությունը չի կարող երկար ժամանակ խցանված մնալ։ Հիմնական խնդիրն այն է, որ ինչ-որ փուլում հանրույթները սկսում են չհավատալ ռեժիմի արժեքային հավատալիքներին՝ կասկածելով դրանց ճշմարտացիությանը։ Այսինքն համակարգերը վերջնական կործանման են դատապարտվում հատկապես այն ժամանակ, երբ մարդկային գիտակցության մեջ արժեզրկվում են դրա հորինած ու ստեղծած քաղաքական միֆերը։ Ասվածի վառ ապացույցը Խորհրդային Միությունն է, որի հիմքերը խարխլվեցին հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ այլևս սկսեցին չհատավալ կոմունիզմի ուրվականի միֆին։ Խոսքի ազատությունը, որը Մ․ Գորբաչովի մեծագույն նվերն էր Միության ժողովուրդներին, ընդամենը մի քանի տարիների ընթացքում ջրի երես հանեց 70-ամյա տիրապետության ողջ կեղծիքը։ Այսինքն ավտորիտար և ամբողջատիրական հասարակարգերում միֆի մայրամուտը խորհրդանշում է հեղափոխության մեկնարկը։ Գրեթե նույն տրամաբանությունը գործում էր նաև Հայաստանում և սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ հեղափոխության հաղթանակը իրականում պոստմոդեռնի հաղթարշավն էր մոդեռնի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը մոդեռն աշխարհից էր և նրա շփոթված դեմքի արտահայտությունը ժամանակակից աշխարհի անճանաչելիության վկայությունն էր։ Սարգսյանի համակարգը փլվեց հատկապես այն ժամանակ, երբ հանրույթը այլևս սկսեց չհավատալ մեծ շախմատիստի և անվտանգության անպարտելի երաշխավորի միֆերին։