Մեկ սխալի պատճառով իշխանությունը կարող է կորցնել իր ընտրողի վստահությունը. Լեհ պատգամավորը՝ ՀՀ-ում վերջին զարգացումների մասին

Լեհաստանի Սեյմի պատգամավոր Տադեուշ Վոժնիակը, որը հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և փոփոխություններին, «Առաջին լրատվական»-ին հայտնեց. «Ցանկացած ժողովրդավարական երկրում մարդիկ ունեն ընտրության իրավունք. Ձայն բազմաց՝ ձայն Աստծու: Չի կարելի ընտրողների դեմ ակցիաներ իրականացնել, չի կարելի մեկ բան խոստանալ ընտրություններից առաջ, մեկ այլ բան անել ընտրություններից հետո»: Նրա խոսքով՝ պետք է լինի համատեղ աշխատանք և երկխոսություն իշխանությունների և ընտրողների միջև. «Ընտրողը պետք է վստահ լինի, որ իր ընտրած իշխանությունը իրեն է ներկայացնում: Հաճախ մեկ սխալի պատճառով իշխանությունը կարող է կորցնել իր ընտրողի վստահությունը»: Ինչ վերաբերում է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած սխալների միջև զուգահեռին՝ Տադեուշ Վոժնիակը նկատեց. «Ինքս առանձնահատուկ հարգանք էի տածում Վալենսայի նկատմամբ և հավատում էի նրա գործին ու պատրաստ էի նրա հետ քայլել, սակայն հետագայում նա շատ սխալներ թույլ տվեց, որոնք մինչև այսօր ուղղվում են: Սակայն ես ինձ իրավունք չեմ վերապահում զուգահեռներ անցկացնելու Փաշինյանի և Վալենսայի միջև՝ հաշվի առնելով Հայաստանի և Լեհաստանի տարբեր աշխարհաքաղաքական դիրքերը, երկու երկրների տարբեր առանձնահատկությունները: Ցանկացած ժամանակ հնարավոր է՝ ընտրողը փոխի իշխանությանը»: Մեր զրուցակիցը կողմնակից է հայ և լեհ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին. «Լեհաստանի անունից ասում եմ, որ միշտ պատրաստ եմ Հայաստանի հետ համագործակցության»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: