Հեղափոխության լիդերի նկատմամբ այլանդակ քարոզչություն է․ Սամվել Սևադա

«Հասարակության այն շերտը, որ Քոչարյանի ժամանակ շատ լավ է ապրել, հիմա «մեծ թռչունին» ձեռքից բաց է թղնում: Դրա համար էլ բնականաբար ոտքի են կանգնել, ձեռքերը մեկնել են փրփուրներին, որ կարողանան փրկել իրենց առագաստը, որը մոտավորապես հայտնի է՝ որ ուղղությամբ է գնում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան: Նրա խոսքով՝ Դատարանների առջև հավաքված ցուցարարներից շատերը Քոչարյանի ժամանակ լավ դիրքեր ունեին, հիմա էլ դիրքավորվել են դատարանների մոտ՝ լավ տպագրված, շքեղ պլակատներով: «Այդ շքեղությունը, այդ պահվածքը՝ Քոչարյանին պաշտպանելու դիրքորոշումը ավելի է բորբոքում մարդկանց»,- նշեց Ս. Սևադան՝ հավելելով, որ այս ամենը ազդեցություն չի ունենա դատարանների վրա. «Հույս ունենանք, որ դատարանը ռիսկ կանի որոշում կայացնել»: Նա նաև նկատեց, որ ցուցարարների մեջ սկզբունքայինները քիչ են, մեծ մասը «գնված» մարդիկ են: Ս. Սևադայի դիտարկմամբ՝ դեռևս հեղափոխությունը չի ավարտվել. «Գուցե դեռ միայն առաջին փուլն է ավարտվել: Բայց մարդիկ շատ շուտ մտափոխվում են, կորցնում եմ հավատը գալիքի, ղեկավարի հանդեպ, այն մարդու հանդեպ, որն անկեղծորեն ուզում է փոփոխություններ անել, բայց, իհարկե, խանգարող ուժերը շատ են: Այս ի՞նչ է կատարվում լրատվական դաշտում: Լրատվականների 90 տոկոսը քայքայիչ գործունեությամբ է զբաղված: ժողովրդին ապակողմնորոշելը հեշտ է: Այլանդակ հակաքարոզչություն է գնում հեղափոխության, հեղափոխության լիդերի նկատմամբ, նրան օգնողների նկատմամբ: ԱԺ-ում էլ են իրար վիրավորում... Պետք է դիմանալ, ժողովո՛ւրդ, պետք է վարչապետին շանս տանք, թող աշխատի: Պետք է ուղղակի հավատալ, վստահել, կգա ժամանակը, և ամեն ինչ լավ կլինի: Մեր ժողովուրդն՝ ինքը, պետք է փոխվի...»: Մանրամասն՝ տեսանյութում: