Մենք մերժել ենք Սերժին, բայց համակարգը դեռ չենք մերժել. Ռուբեն Բաբայան

«Մեր հասարակությունը բաժանվում է մի քանի մասի՝ հպարտ քաղաքացիներ, մտահոգ քաղաքացիներ, հետաքրքրասեր քաղաքացիներ: Ես ինձ դասում եմ հետաքրքրասեր քաղաքացիների դասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ դատական համակարգը մեր երկրում ո՛չ անկախ է, ո՛չ արդար. սա նորություն չէ և նոր ձեռք բերված հատկություն չէ: «Մենք երբեք անկաշառ դատարան չենք ունեցել, ավելին՝ մեր հասարակության մեջ էլ ձևավորված չէր այդպիսի դատարան ունենալու պահանջը: Մենք դատարանին ավելի շատ պատժիչ գործառույթներ ենք վերագրում, քան արդարադատության: Այսօր վարչապետը տվեց դատական համակարգի ախտորոշումը: Ինչո՞ւ էր պետք փակել դատարանների մուտքը. սա հետաքրքրասեր քաղաքացիների հարցն է: Այսօր ես լսեցի, որ սա ակցիա էր, հանրությունը դրանով պետք է իր վերաբերմունքը ցույց տար անարդար դատական համակարգի հանդեպ»,-նշեց մեր զրուցակիցը: Ռ. Բաբայանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում դատական համակարգը լավ է գործում, և, թերևս, արդար դատական համակարգ ունենալու համար կարելի է ընդօրինակել, և այստեղ էլ այսուհետ դատավորներն ընտրվեն ժողովրդի կողմից: «Ով ասաց, որ այլևս չեն փորձի իշխանության գալ ոչ թե արդար ուղիով՝ ընտրությունների միջոցով, այլ դավադրությամբ, սա ազգային անվտանգության խնդիր է, թող ԱԱԾ-ն ծառայություն մատուցի»,- նշեց Ռ. Բաբայանը: Նա նաև ընդգծեց. «Մենք մերժել ենք Սերժին, բայց համակարգը դեռ չենք մերժել»:   Մանրամասն՝ տեսանյութում: