Սկանդալային որոշում հեղափոխության դեմ․ Քոչարյանի գործը կասեցվել է

Սկանդալային որոշում հեղափոխության դեմ․ Քոչարյանի գործը կասեցվել է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են և տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել՝ չեն ասել: Սա, առանց վարանելու, կարելի է համարել սկանդալային որոշում, որով դատական իշխանությունը փաստացի միանում է հակահեղափոխությանը, նույնիսկ կարելի է պնդել, որ նոր շունչ է հաղորդվում հին համակարգի ռեստավրացիայի շարժմանը։ Հիմա կարելի է երկար քննարկել, թե ինչու է հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց հնարավոր դարձել, ըստ էության, դավադիր հեղաշրջման նման ծրագիր։ Ինքնին հասկանալի է, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան՝ կարող է թվալ առաջին հայացքից։ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա դատը, դատա-իրավական բարեփոխումների մասին խոսակցությունները, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա վիճահարույց կոչը խնդրի այսբերգային դրսևորումներն են, իսկ խորքում՝ պետության, հեղափոխության տակ դրված է ական, հասունանում է իսկական դավադրություն, որն ունի ներքին խաղացողներ ու շատ հստակ արտաքին դերակատար։ Առանց անուններ տալու էլ թերևս ամեն ինչ հստակ է, ուղղակի խնդրի լրջությունը հասկանալու համար բավական է հիշեցնել 1999-ի իրադարձությունները, երբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի ձևավորած բացառիկ լեգիտիմ իշխանության ընթացքը կասեցվեց գրեթե նույն ներքին դերակատարների մասնակցությամբ ու արտաքին նույն կենտրոնի նախաձեռնությամբ։ Իհարկե, ժամանակները փոխվել են, ու պարտադիր չէ նույն սցենարի մեխանիկական կրկնություն, մանավանդ որ հյուսիսում էլ են սովորել նորագույն տեխնոլոգիաները, ու նույնիսկ դավադրությունները կարողանում են կրեատիվ հիմքով կազմակերպել։ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու դատարանի որոշումը դավադրության սցենարի ընդամենը մի դրվագն է, էպիզոդը, և գործընթացը չի կարող կասեցվել միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քաոտիկ քայլերով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը և Արշակ Վարդանյանը․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դատական փորձագետ Արտակ Գալստյանը։ Վերջինս պնդում է, որ որոշման տեքստը հանգամանլից համաձայնեցվել է Քոչարյանի պաշտպանական թիմի հետ, ընդ որում՝ ի սկզբանե քրեական գործի կասեցման գաղափարը դրված է եղել որոշման հիմքում, ուղղակի շաբաթ օրն այդ դրվագն առժամանակ «սառեցվել» է՝ այն բանից հետո, երբ դատարանի շենքի մոտ հավաքվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ հանդես եկող հարյուրավոր քաղաքացիներ։ Ի դեպ, հակահեղափոխական դավադրության գոյության ու դրա ցինիզմի մասին վկայում է այն փաստը, որ Քոչարյանի գործի կասեցման մասին հայտարարվեց այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատական համակարգին։ Վերջինս փաստորեն պատասխանեց վարչապետին՝ բացահայտորեն ինտեգրվելով ռևանշիստական ճամբարին։ Դարձյալ մնում եմ այն կարծիքին, որ դատական իշխանությունն ավտոնոմ ու նույնիսկ միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հովանու ներքո չի կարող մարտահրավեր նետել հեղափոխությանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ հայկական քրեաօլիգարխիայի ռեսուրսները դրա համար բավարար չեն, ու նրան ակնհայտորեն աջակցում է Մոսկվան։ «Քաղաքացիական բախումների» տեխնոլոգիան հենց ռուսական «հիբրիդային պատերազմի» դրսևորում է, որը մի կողմից «նպաստում» է Փաշինյանի վարկանիշի անկմանը, մյուս կողմից՝ Հայաստանում ստեղծում է Մոսկվայի համար կառավարելի քաոտիկ վիճակ։ Այս ամենի նախանշաններն արդեն տեսանելի են, ու հիմա, ըստ էության, որոշվում է ոչ թե կոնկրետ իշխանության, նույնիսկ՝ հեղափոխության, այլ՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը։ Թերևս սրանով էր պայմանավորված Փաշինյանի վաբանկային նախաձեռնությունը։