Սաբոտաժ է. դատական համակարգը համագործակցելով նախկին իշխանությունների հետ՝ հարված են հասցնում պետությանը

«Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, անկախ ամեն ինչից, սակայն, ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ արված իր հայտարարության մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վարչապետի կոչով վաղ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների կողմից դատարանների աշխատանքն արգելափակելը քաղաքական համատեքստում նաև խորհրդանշական իմաստ էր պարունակում: Վերլուծաբանի խոսքով՝ առկա է դատական անկախ համակարգի, ավելին՝ դատական անկախ իշխանության խնդիր. «Դատական համակարգը իշխանության մի օղակ է, հետևաբար այնտեղ պետք է լինեն իշխանության պատասխանատվությունը կիսող և հոգեբանությունը կրող մարդիկ՝ իրավաբան լինելուց բացի: Առկա է նաև իրավաբանական կրթության լրջագույն բարեփոխման խնդիր. անհրաժեշտ է պատրաստել բավարար չափով կադրային ռեսուրս անկախ դատական իշխանության համար: Ն. Փաշինյանի հայտարարության համատեքստը լայն է, ընդհուպ արտաքին ճյուղավորումներ: Առանցքային եմ համարում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ՝ վարչապետի հայտարարության տողատակում կար այն իմաստը, որ Հայաստանից որոշակի շրջանակներ փորձեր են անում արտաքին խաղացողների հետ հասնել այնպիսի իրավիճակի, որը կարող է հասունացնել հերթական պատերազմ՝ դա օգտագործելով ներքին խնդիրների համար»: Էդգար Առաքելյանի խոսքով՝ վիրահատական միջամտության մասին շատ է խոսվել, և հանրության մեջ կար կարծիք, որ իշխանությունն ուշացնում է դատական համակարգում վիրահատական միջամտության գործելակերպը որդեգրելը. «Վաղ թե ուշ դա պետք է լիներ: Վարչապետը, գնահատելով իրավիճակը՝ տեսավ, որ չի իրականանում այն հույսը, որ դատական իշխանությունը կարող է ինքնափոփոխվել, ինքնամաքրվել, և որ հասել ենք սահմանագծին, ուստի հանդես եկավ նման կոչով… Իմ կարծիքով՝ ռադիկալ փոփոխությունները պետք է արագ իրականացվեին»: Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ տեղի է ունենում սաբոտաժ. դատական համակարգը, համագործակցելով նախկին իշխանության հետ, վնաս է հասցնում պետությանը: Սուրեն Սահակյանի դիտարկմամբ՝ միայն դատական համակարգի հանդեպ չէ,որ առկա է անվստահություն, այլ նաև ՊԵԿ-ի և այլն: Նրա խոսքով՝ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացել է, և մարդիկ սկսել են կարևորել դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը: Մանրամասն՝ տեսանյութում: