Քոչարյանի ազատության մեջ գտնվելը անթույլատրելի է. հեղափոխության այս երկրորդ ալիքը մի փոքր ուշացած, բայց կարևոր է

Վերջին տարում Հայաստանում, ըստ տարբեր գնահատականների, ստեղծվել է բավականին արտառոց իրավիճակ, երբ ժողովրդի վստահության քվեով ձևավորվել են իշխանության երկու մարմինները՝ գործադիրը և օրենսդիրը, սակայն երրորդը՝ դատական մարմինը՝ ոչ: Այս մասին այսօր խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք կարելի է ասել, որ սկսվում է դատական համակարգի լյուստրացիան: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և այլ հարցերի անդրադարձան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը, «Հանարապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը: Անի Խաչատրյանի խոսքով՝ այն ինչ արվեց այսօր, պետք է արվեր դեռ մեկ տարի առաջ. «Այս դատական համակարգի անվստահելիության մասին շարունակ խոսվում էր, և առաջին քայլը պետք է լիներ անցումային արդարադատության ձևավորումը»: Ինչո՞ւ ենք հապաղում, ինչո՞ւ այս քայլը ձեռնարկվեց այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել. ի պատասխան այս հարցի՝ Հայկ Գևորգյանը նշեց. «Մեկ տարի սպասել ենք, որ իշխանության դատական թևն ինքն իրեն կվերագնահատի, կզտվի, կմաքրվի, բայց որևէ արդյունք չտեսանք, և արդեն միակ քայլը դատական համակարգի «վիրահատական միջամտությունն է»: Դատական իշխանության մի ստվար զանգված պատերազմ է հայտարարել արդարադատությանը, դա երկար հնարավոր չէ հանդուրժել»: «Դատական  համակարգի նկատմամբ տարիներ շարունակ լուրջ անվստահություն է ձևավորվել ժողովրդի մեջ, անհրաժեշտ է դատական համակարգի բարեփոխումներ իրականացնել,- ընդգծեց Ստեփան Մինասյանը:- Բարեփոխումների ընթացքում կարևոր դեր ունի անցումային արդարադատությունը, սակայն դեռևս լավ պատկերացում չկա, թե ինչ է այն»: ՀԺԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ հեղափոխության երկրորդ ալիքը մի փոքր ուշացած, բայց կարևոր քայլ է. «Երբ հեղափոխություն արվեց, միգուցե հենց առաջին իսկ օրվանից, հեղափոխական հոգեբանությամբ էլ պետք է սկսվեր դատական համակարգի բարեփոխումը, և միգուցե այդ ժամանակ այսքան ցավալի չլիներ բարեփոխումը: Եթե արագ կատարվեին սահմանադրական փոփոխություններ, նոր ԸՕ-ի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը, այդ ամենը կնպաստեր մթնոլորտի առողջացմանը, և իշխանության յուրաքանչյուր թև իր տեղը կընկներ: Երբ ժամանակ ենք կորցնում, ծագում են այլ խնդիրներ»: Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ վարչապետի խոսքից հետո «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել խիստ հայտարարությամբ. «Վարչապետի հայտարարության մեջ վտանգավոր կետեր կան, որոնցից կարևորագույնը Արցախի իշխանություններին մեղադրելն է, ինչ կարող է Արցախում կայանալիք ընտրություններից առաջ անկանխատեսելի հետևանքներ ունենալ»: Ա. Խաչատրյանը նաև ընդգծեց, որ անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելը: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս դատական համակարգի պայմաններում, երբ դեռևս գրծում են Ռ. Քոչարյանի կողմից նշանակված դատավորները, կանխատեսելի էր, որ հենց այսպիսի որոշում կկայացվեր դատարանում: Մանրամասն՝ տեսանյութում: