Դա լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չուներ․ Բակո Սահակյանը՝ Քոչարյանի համար միջնորդելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի Բակո Սահակյանը: Նա անդրադարձավ լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց:
«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա  թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր ՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ: «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-ասաց Բակո Սահակյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին կոչ արեց աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Փաշինյանն այս մասին խոսեց մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում: