Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, ով մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքի ներքին հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է նա: Ճշտող հարցին՝ կարելի է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքին Զելենսկու պաշտոնակալության առթիվ, Պեսկովն ասել է. «Ո՛չ, կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ»: Պատասխանելով այն հարցին, թե, ըստ նրա, որոնք պետք է լինեն այդ հաջողությունները, Պեսկովն ասել Է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն: Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով»։