Մեքքայում արտակարգ գագաթնաժողով կանցկացվի Արաբական պետությունների լիգայի հովանու ներքո

Մեքքայում արտակարգ գագաթնաժողով կանցկացվի Արաբական պետությունների լիգայի հովանու ներքո

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մայիսի 30-ին Սաուդյան Արաբիայում արտակարգ գագաթնաժողովի հրավերներ է ուղարկել կազմակերպության երկրների ղեկավարներին, որը նվիրված կլինի Պարսից ծոցի իրադրությանը նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումներից հետո: Այդ մասին ասված է համարաբական կազմակերպության հայտարարության մեջ: «ԱՊԼ-ի քարտուղարությունը Սաուդյան Արաբիայի թագավորի անունից հրավերներ է ուղարկել արաբական պետությունների ղեկավարներին՝ մասնակցելու 2019 թվականի մայիսի 30-ին Մեքքայում անցկացվելիք արտահերթ գագաթնաժողովին»,-ասված է հաղորդագրության մեջ: ԱՊԼ-ի տվյալներով՝ գագաթնաժողովում քննարկվելու են լցանավերի վրա գրոհները Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերում, ինչպես նաև «Անսար Ալլահ» շարժումից եմենցի ապստամբների (հուսիներ) հարձակումները Սաուդյան Արաբիայի նավթային պոմպակայանների վրա: Համարաբական կազմակերպությունում այն կարծիքին են, որ այդ միջադեպերը «վտանգավոր հետևանքներ կունենան տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու անվտանգության համար, ինչպես նաև նավթի մատակարարումների ու համաշխարհային նավթաշուկաների համար»: ԱՊԼ-ում պարզաբանել են, որ գագաթնաժողովների մասին դրույթը բարձր մակարդակի հանդիպումների անցկացում է ենթադրում տարեկան մեկ անգամ մարտ ամսին: Միևնույն ժամանակ, արաբական երկրների ազգային անվտանգության հետ կապված հարցերի ի հայտ գալու դեպքում կարելի է գումարել նաև արտահերթ գագաթնաժողովներ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա անդամ պետություններից մեկը: Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն ավելի վաղ դիմել էր արաբական աշխարհի ղեկավարներին՝ առաջարկելով մայիսի 30-ին Մեքքայում արտակարգ գագաթնաժողով անցկացնել Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին: