Ո՞վ է վճարելու այսօրվա «հեղափոխության» համար

Ո՞վ է վճարելու այսօրվա «հեղափոխության» համար

Եթե դատարանների արգելափակման օպերացիան Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, գուցե ակցիան ինչ-որ տեղ բացատրելի կամ մոտիվացված լիներ։ Դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանի երկվա հայտարարությունն ու այսօրվա «կոլցո» օպերացիան ավելի շատ նման էին քաղաքական արկածախնդրության՝ առանց զարգացման տեսլականի։ Այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, խոսքը, մասնավորապես, առաջարկվող հինգ կետերի մասին է, կարելի էր իրականություն դարձնել՝ առանց դատարանի շենքերը շրջափակելու ու ավելորդ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելու։ Եթե վարչապետը, այնուամենյանիվ, գնում է նման քայլի, ապա կարելի է ենթադրել, որ նրա այսօրվա ելույթը զուրկ է հայեցակարգային բաղադրիչից, ու մենք լսել են հերթական «փայլուն» կարգախոսները՝ ինչպես տնտեսական հեղափոխության պարագայում։ Այլապես ակտուալ են դառնում մեղադրանքները իշխանության անգործության մասին։ Եթե Փաշինյանի նշած տեսլականն իրական է, ինչո՞ւ է շուրջ վեց ամիս անգործության մատնված խորհրդարանական մեծամասնությունը, ինչո՞ւ չեն մշակվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները։ Կամ՝ ի՞նչ էր անում Փաշինյանի կառավարությունը մեկ տարի շարունակ, որ դարձյալ հիշեց «համաժողովրդական աջակցության» մասին։ Կարծում եմ՝ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունն իրավունք ունեն այս հարցերն ուղղել Նիկոլ Փաշինայնին, մանավանդ որ նրա կառավարությունն օժտված է վստահության ուժեղ մանդատով։ Կամ՝ ո՞վ էր խանգարում Փաշինյանին իր մտադրությունները կյանքի կոչել առանց պոպուլիզմի կամ հեղափոխականության։ Եթե նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը հակադրվեր դրանց, ապա դա որոշիչ չէր լինելու․ «Իմ քայլը» խմբակցությունը կարող է արմատապես փոխել ոչ միայն օրենսդրությունը, այլ նաև Սահմանադրության տեքստում կատարել էական փոփոխություններ։ Փաշինյանը այսօրվա իր ակցիայով ընդամենը փորձեց արդարացնել իր թիմի մեկամյա անգործությունը՝ առնվազն դատաիրավական բարեփոխումների բացակայության հարցում, ինչպես նաև հաղթահարել քաղաքական այն ապտակը, որն ստսցել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից ու դրան հաջորդած հանրային դժգոհությունից հետո։ Դժվարանում եմ կանխատեսել, թե այսօրվա մարտավարությունն ինչքանով արդյունավետ կլինի Փաշինյանի սասանված հեղինակությունը կամ իմիջը վերականգնելու համար։ Համենյան դեպս, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ: Եթե նույնիսկ ակցիաների մասնակիցների թիվը մի փոքր ավելին է եղել, ապա վարչապետի ակնկալած «համաժողովրդական աջակցությունը» չի կայացել, ինչն առնվազն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին էական անկում է ապրել խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Մյուս կողմից՝ դատարանների մոտ կազմակերպված «կոլցո» օպերացիան էապես սասանեց հայկական հեղափոխության ու Հայաստանի՝ որպես դեմոկրատական երկրի հեղինակությունը, որովհետև քաղաքակիրթ աշխարհի համար բացարձակապես ընկալելի չէ, երբ գործադիր իշխանությունը նման կոշտ մեթոդներով միջամտում է արդարադատությանը, մանավանդ երբ դա տեղի է ունենում կոնկրետ մարդու հետ կապված դատական որոշակի հանգուցալուծումից հետո։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նպաստեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործընթացի ապալեգիտիմացմանը, այլ նաև ակամայից նպաստեց երկորդ նախագահի քաղաքական սուբյեկտության մեծացմանը՝ նրանից «կերտելով» քաղհալածյալ ու ընդդիմության լիդեր։ Նիկոլ Փաշինյանը ներդրեց վտանգավոր մի նախադեպ, երբ այլևս արդարադատության իրականացման հիմքում կարևորվում են գործադիր իշխանության քաղաքական կապրիզներն ու «ագրեսիվ փողոցի» գործոնը։ Հիմա ակտուալ է հնչում հարցադրումը, թե ո՞վ կամ ովքե՞ր են վճարելու այսօրվա «հեղափոխության» համար։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի