Ինչ է Վեթինգը․ դրա կիրառման դեպքում պետք է բացառել խտրականության սկզբունքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը տալու մասին և նշել էր, որ ակնկալում է համաժողողովրդական աջակցություն: Այսօր վարչապետը հանդես եկավ խոստացված և սպասված ելույթով, որում անդրադարձավ արդարադատության համակարգի զտմանն ուղղված քայլերի հաջորդականությանը և անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման կենսական անհրաժեշտությանը ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: Վարչապետն ասաց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի, հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ ժամանակահատվածում ծավալած գործունեության և անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Դուք եզակի մասնագետներից մեկն եք, որն իրականում գործ է ունեցել վեթինգի հետ՝ ունեք կիրառական պրակտիկա. ի՞նչ ասել է վեթինգ, և ո՞ր դեպքերում է այն կիրառվում: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը մասնավորապես ասաց. «Իրականում միայն Հայաստանում չէ, որ վեթինգը միֆական, համարյա դիցաբանական բառ է: Ես երեք երկրում եմ առնչվել վեթինգի հարցերի՝ տարբեր աստիճաններով: Բոլոր երկրներում, երբ լսում են այդ բառը, սկսում են օգտագործել նույնիսկ առանց հասկանալու, թե ինչ է նշանակում: Իրականում դա բավականին բարդ կոնցեպտ է»: «Վեթինգ՝ նշանակում է պարզել տվյալ անձի՝ քաղաքացիական ծառայությունում իր պաշտոնին համապատասխանության աստիճանը, սակայն շեշտը դրվում է ոչ թե նրա բժշկական կամ մասնագիտական համապատասխանության, այլ բարոյական նկարագրի վրա: Անգլերենով դա ասվում է integrity, հայերեն թարգմանված՝ ազնվություն, անաչառություն, իսկ ավելի լայն իմաստով՝ բարոյական նկարագիր, բարոյական սկզբունքների ամրություն և խոսքի ու գործի համապատասխանություն: Եվ այդ բարոյական սկզբունքներն էլ պետք է համապատասխան լինեն միջազգային ստանդարտներին և ազգային օրենսդրությանը»,- նշեց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։