Անցումային արդարադատությունը չի ունենա արդյունք, եթե ներգրավված չլինեն բոլոր խորհրդարանական ուժերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հակաիրավական վարքագիծ է համարում այն, որ իշխանության ղեկավարը հորդորում է արգելափակել արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքը: «Սա կարելի է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով պետականության հիմքերը խարխլելու չգիտակցված քայլ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա նշեց, որ բոլորս գիտենք, թե դատական համակարգը որքան նեխած է. «Բայց մի՞թե այդ նեխած համակարգը մաքրելու համար պետք է օգտագործենք հակաիրավական վարքագիծ, մի՞թե չէր կարելի այսօրվա հայտարարությունն անել առանց հակաիրավական վարքագծի հորդորի»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, շատ կարևորում է այս գործընթացում հասարակության ներգրավումը: «Անցումային արդարադատությունը չի ունենա արդյունք, եթե այնտեղ ներգրավված չլինեն բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: «Եթե մի դատավորի գործողությունից իշխանությունը դխգոհ է, ուրեմն ամբողջ դատական համակարգը պետք է կազմալուծվի՞»,- իր տեսակետը հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ պետք էր հավաքել բոլոր խորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակությանը: Պատգամավորը բացարձակ այն կարծիքին չէ, որ Հայաստանի դատական համակարգը սրբերի հավաքածու է. «Բայց էսօր ոստիկանի հանցավոր անգործության ներքո պարալիզացվել է ամբողջ դատական համակարգը»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները ձեռնամուխ լինելու դատաիրավական բարեփոխումներին. «Բայց արի ու տես, որ մեր իշխանությունը սպասում է անձնական ինչ-որ շահախնդրություն ունենալ բարեփոխումների մեջ, նոր նման քայլերով առաջ գնալ»:   Հարցազրույցն ամբողջովին՝ տեսանյութում: