Ոչ թե Մխիթարյանի, այլ Թոֆիկի նկարները բարձրացրեք. Ադրբեջանը սպառնում և սադրում է…

Ոչ թե Մխիթարյանի, այլ Թոֆիկի նկարները բարձրացրեք. Ադրբեջանը սպառնում և սադրում է…

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների մտադրությունը՝ Եվրոպա լիգայի եզրափակչում հաջակցություն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ, իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալի» ամենահայտնի ֆանատներից մեկը՝ Canon Crested-ը, Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի կոչ է արել՝ պատրաստել է Մխիթարյանի դեմքով դիմակներ, դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին, իսկ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուներին կոչ արել միաժամանակ ոտքի կանգնել: Այսօր ադրբեջանական մամուլում լոնդոնյան ակումբի հնարավոր ակցիան դիտարկվում է որպես սադրանք և կոչ է արվում կոշտ պատասխան տալ դրա մասնակիցներին: Հարևան երկրում ակնհայտորեն սպառնում են անգլիացի երկրպագուներին: Ավելին, ադրբեջանցիները արդեն իսկ քաղաքական երանգներ են հաղորդել թե՛ «Արսենալի» և թե՛ Մեծ Բրիտանիայի գործողություններին: Vesti.az պարբերականը հիշատակել է անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած ակցիան և դրան հաջորդած զարգացումները: Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդ Սպարտակ Ադամյանը, ում ձեռքին Արցախի դրոշն էր, իսկ շապիկին՝ Մոնթե Մելքոնյանի լուսանկարը։ Անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես հեռացրել էին խաղադաշտից։ Այն ժամանակ հայ երիտասարդի քայլն ուղղակի հիստերիա էր առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ։ Խաղից հետո Ադամյանը հայտարարել էր, որ իրեն բրիտանացի իրավապահները չեն տուգանել, քանզի առանձնակի վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ և քաջ գիտակցում են, թե ովքեր են ադրբեջանցիները: «Որևէ տուգանք կամ մարզադաշտ այցելելու արգելք չեմ ստացել: «Արսենալում» հայերի նկատմամբ շատ լավ են տրամադրված և լավ հասկանում են, թե հայերն ինչ ազգ են, իսկ ադրբեջանցիք ինչպիսին են: Ընդամենը կես ժամ հետո ինձ ազատ արձակեցին ոստիկանության բաժնից: Անվտանգության գլխավոր սպան մոտեցավ, հարցրեց՝ որտեղից եմ եկել և արդյոք հասկանո՞ւմ եմ արարքիս պատասխանատվությունը: Ասացի՝ Բելգիայից եմ և ներկայացրեցի հիմնավորումս: Նա ասաց, որ լավ է վերաբերվում հայերին, և դրա համար ինձ բաց է թողնելու: Գնացի հյուրանոց, իսկ հաջորդ օրը վերադարձա Բելգիա»,- նշել էր Ադամյանը: Ու հիմա ադրբեջանական պարբերականը տեղի ունեցածը որակում է որպես բրիտանացիների կողմից հակաադրբեջանական դրսևորում: Հիշատակվում է նաև «Արսենալի» դժգոհությունը Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված էր իշխանությունների մտահոգությունը իր քաղաքացիների՝ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելու վերաբերյալ: ««Արսենալում» բոլորն ուրախ են Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսիի» դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք «Արսենալի» անգամ 6 հազար երկրպագուները կմեկնե՞ն Բաքու՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում ՈՒԵՖԱ-ի՝ նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ, չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում՝ հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրության հարցում, և նման բան չի կրկնվի»- հայտարարել էր «Արսենալ» ակումբը: Անգլիացի երկրպագուներին սպառնալուց բացի՝ Vesti.az պարբերականի հոդվածագիրը հանդես է եկել մի «հանճարեղ» առաջարկով: Մասնավորապես «Արսենալի» ֆանատներին կոչ է արվում Մխիթարյանի նկարների փոխարեն բարձրացնել հայտնի ադրբեջանցի մրցավար Թոֆիկ Բախրամովի նկարները: Նշվում է, որ 1966 թվականին հենց Բախրամովի օգնությամբ է Անգլիայի ազգային հավաքականը նվաճել աշխարհի գավաթը: Մասնավորապես, Բախրամովն է հօգուտ Անգլիայի հավաքականի արձանագրել խիստ կասկածելի գոլը, որի շնորհիվ էլ անգլիացիները նվաճեցին Աշխարհի առաջնության գավաթը: 1992 թվականին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը հատուկ հանդիպում է խնդրել Բախրամովի հետ և նրան շնորհակալություն հայտնել տղամարդկային և դարակազմիկ որոշման համար: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: