Սանդրա Ռուլովսը պատրաստ է ոտքով ամբողջ Վրաստանը շրջել իշխանությունների դեմ պայքարելու համար

Սանդրա Ռուլովսը պատրաստ է ոտքով ամբողջ Վրաստանը շրջել իշխանությունների դեմ պայքարելու համար

Զուգդիդի քաղաքագլխի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, լույս մայիսի 20-ի գիշերը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 19-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից թեկնածու Գեգի Շենգելիայի հաղթանակի ճանաչման դեպքում ինքն «այլ պայքարի մեջ» կմտնի: «Մեր բոլոր տվյալներով՝ Զուգդիդիի քաղաքագլխի ընտրություններում ես եմ հաղթանակ տարել, բայց եթե իշխանությունները հաղթող հայտարարեն Գեգի Շենգելիային, ես «այլ պայքարի մեջ» կմտնեմ: Դա նշանակում է, որ ես պատրաստ եմ օլիգարխ Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին) դեմ պայքարում զենք վերցնել ձեռքս՝ ժողովրդի ուժը: Ես ոտքով կշրջեմ ամբողջ երկիրը, և բոլոր նրանք, ովքեր կհավատան, որ այս երկիրը դեռ կարելի է փրկել, կմիանան այդ պայքարին»,- հայտարարել է Ռուլովսը՝ ելույթ ունենալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Մայիսի 19-ին Վրաստանի հինգ քաղաքներում անցկացվել են քաղաքագլուխների միջանկյալ ընտրություններ, ինչպես նաև մունիցիպալ ընտրութուններ՝ մի քանի շրջաններում և խորհրդարանի պատգամավորի ընտրություններ Թբիլիսիի Մթածմինդայի շրջանում: Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Մթածմինդայի շրջանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, մնացած ընտրատարածքներում հաղթում են կառավարող կուսակցության թեկնածուները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: