Արցախում ուղղորդված հակաքարոզչություն կա վարչապետի դեմ. նրա այսօրվա հայտարարությունը  լուրջ փաստերի վրա է հիմնված

Արցախում ուղղորդված հակաքարոզչություն կա վարչապետի դեմ. նրա այսօրվա հայտարարությունը լուրջ փաստերի վրա է հիմնված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ի թիվս դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին դիտարկումների, անդրադարձավ նաև Հայաստան-Արցախ հարաբերություններին. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և, որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»։ Արցախի խորհրդարանական ուժերից «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, իր աջակցությունն է հայտնում ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին և ողջունում այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունենում Հայաստանում։ https://aparaj.am/wp-content/uploads/2017/03/15590889_492742074229770_5709694255820068134_o.jpg Խորհրդարանական ուժերից Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը դավադիր ծրագիր իրականացնելու մասին՝ նշեց. «Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ էլ լսել, չեմ էլ պատկերացնում։ Պետք է, սակայն, պայքարել բոլոր այն ուժերի դեմ, որոնք Արցախը չեն դիտում Հայաստանի անբաժանելի մաս։ Այլ ինֆորմացիայի ես չեմ տիրապետում և չեմ լսել»։ Արմեն Սարգսյանն անդրադառնալով Արցախի ղեկավարների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հանգամանքին՝ նշեց. «Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունները Հայաստանից անկախ գործունեություն են իրականացրել, ես դրա մասին ասել եմ՝ կարծեմ մեկ օր առաջ պայմանավորվել են»։ Մեր այն դիտարկմանը, թե այժմ վարչապետի վրդովմունքը կապված է հենց այդ երաշխավորությամբ Քոչարյանի ազատ արձակման հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել, ես խոսում եմ այն մասին, ինչից լրատվությունից տեղեկանում եմ, ինչո՞ւ իզուր մտքի մարզանք անենք»։ http://haynews.am/images/WdHnc5GwzgT2OM7mIam9kCgUY2.jpg Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ վարչապետի հայտարարությունը հիմնավոր փաստարկների վրա է հիմնված. «Ամիսներ շարունակ Արցախի՝ հատկապես նախագահի աշխատակազմից ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ այդ թվում մեղադրելով այնպիսի բաներում, որ ընդհանրապես գոյություն չունեն, այլ ճիշտ հակառակը։ Օրինակ՝ Հայաստանի ռազմական բյուջեն աննախադեպ ավելացել է, սպառազինություններ են գնվում, Հայաստանի իշխանությունները մտածում են վերաբնակեցման ծրագրերի մասին։ Ի տարբերություն այս ամենի՝ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացել, սև PR, օգտագործվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները՝ հատկապես սոցիալական մեդիայում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ կեղծ լուրեր տարածելու, նրա նկատմամբ անվստահություն սերմանելու համար»։ Խանումյանը հավելեց. «Դրանք այն մարդիկ են, որոնք համակարգային կոռուպցիա են ստեղծել Արցախում, տարիներ շարունակ զբաղվել են թալանելով, այդ թվում՝ բանակի թալանով, նրանք ամեն ինչի պատրաստ, սրբություն չունեցող մարդիկ են։ Այնպես որ՝ այն, ինչ ասել է Հայաստանի վարչապետը, հիմնավոր խոսքեր են ու հիմնավոր փաստարկներ ունեն»։ Խանումյանը միևնույն ժամանակ վարչապետի այս հայտարարությունը ուշացած համարեց, բայցև նշեց. «Բայց դե ուշ լինի, նուշ լինի»։